Քոֆի Անանին հնարավոր է` փոխարինի Ալժիրի նախկին արտգործնախարարը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի բանագնացի պաշտոնում Քոֆի Անանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Ալժիրի նախկին արտգործնախարար Լահդար Բրահիմին է, հաղորդում է Reuters-ը: Գործակալության դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակման մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Օգոստոսի 2-ին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: 74-ամյա դիվանագետն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «չի ստացել անհրաժեշտ աջակցությունը»:

1962թ. Ալժիրի անկախացումից հետո Լահդար Բրահիմին դեսպան է աշխատել նախ՝ Եգիպտոսում, ապա՝ Մեծ Բրիտանիայում: ԱՊԼ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Բրահիմին նպաստել է սաուդյան Էթ-Թաիֆ քաղաքում համաձայնագրի կնքմանը, որը վերջ է դրել Լիբանանի քաղաքացիական պատերազմին:

1991-1993թթ. Բրահիմին զբաղեցրել է Ալժիրի արտգործնախարարի պաշտոնը, որից հետո շարունակել է դիվանագիտական գործունեությունը ՄԱԿ-ի շրջանակում՝ աջակցելով ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում:

78-ամյա Լահդար Բրահիմին նաև Elders իրավապաշտպան խմբի անդամ է, որի մեջ են մտնում այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Ջիմմի Քարթերը, Քոֆի Անանը և Մարտի Ահտիսաարին:

Նշենք, որ օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիվանագիտական աղբյուրները հաղորդել էին այն մասին, որ սիրիական հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու ամենահավանական թեկնածուներն են Իսպանիայի նախկին արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

Մեկնաբանել