2011-2021-ին Երևանի քաղաքապետարանը զրկվել է լրացուցիչ 6,8 մլրդ դրամի եկամտից․ ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6,8 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։

«Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56,4 մլրդ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6,2 մլրդ դրամ, մինչդեռ 2011-2021 թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6,2 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՎԾ-ն պարզել է նաև, որ 2018-2021-ի ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3 337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2 491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, «մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653 մլն դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից»:

Հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Պետական վերահսկողական ծառայությունն ավելի վաղ իրականացրել էր Երևանի քաղաքապետարանում 2018-2022-ին ընկած պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն, որի արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ։

Մեկնաբանել