Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 28-31-ին Երևանում: Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Նշվում է, որ գագաթնաժողովը՝ որպես նոր ձևաչափ և հարթակ, սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար հնարավորություն է՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են լինելու ազգային անվտանգությանը, հայկական շահերի պաշտպանությանը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացմանը, հայրենադարձությանը, ներդրումային ներգրավվածությանը, հայապահպանությանը, սփյուռքի ինքնակազմակերպմանը վերաբերող հարցեր։
«Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները»,- տեղեկացնում է գրասենյակը։ Նախատեսվում է սփյուռքից հյուրընկալել շուրջ 600 մասնակիցների։
«Սփյուռքյան բոլոր քաղաքական ուժերը, նրանց կից կամ առնչակից կառույցները, համայնքային կազմակերպությունները, մասնագիտական, գործարար համայնքների ներկայացուցիչները հրավիրվել են: Գրասենյակի կողմից որևէ խտրականություն չի դրվել: Չենք բացառում, որ գուցե որոշ անհատներ դուրս մնացած լինեն հրավիրյալների ցուցակից, սակայն գրասենյակը բաց է նաև նրանց համար, ովքեր ուզում են մասնակցել գագաթնաժողովին և այս օրակարգի շրջանակներում կարող են հիմնավորել իրենց մասնակցությունը: Դեռևս չեն հրավիրվել միայն հայրենադարձները, նրանց հրավերները կուղարկվեն սեպտեմբերի սկզբին»,- նշում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։