Բելառուսը մեկի փոխարեն երկու ԱԷԿ կկառուցի. Լուկաշենկո

Բելառուսը մտադիր է ատոմային էլեկտրակայան կառուցել, ընդ որում՝ մեկի փոխարեն՝ երկուսը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երկրում կառուցվող առաջին ԱԷԿ-ի շահագործումը թույլ կտա փոխարինել 5-7 մլրդ խմ բնական գազը, որն անհրաժեշտ է էլեկտրաէներգիա ստանալու համար», – ասել է նախագահը:

ԱԷԿ կառուցելու վերաբերյալ բանավեճերն ու քննարկումները Լուկաշենկոն ավարտված է համարում. ԱԷԿ-ի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, նախատեսվում է նաև երկրորդի կառուցումը:

Պատասխանելով Բելառուսում ԱԷԿ-ի գոյության նպատակահարմարության մասին հարցին՝ Լուկաշենկոն ասել է, որ «երկիրը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի, ուստի՝ ԱԷԿ-ից ստացվող ողջ էլեկտրաէներգիան կուղղվի ներքին պահանջարկի բավարարմանը»:

Բելառուսի առաջնորդի կարծիքով՝ հանրապետությունում ԱԷԿ-ի կառուցման դեմ են լեհերն ու լիտվացիները: «Չէ՞ որ նրանք նույնպես մտադիր են սեփական ԱԷԿ կառուցել. սա արդեն մրցակցություն է», – ասել է Լուկաշենկոն: Նախագահի համոզմամբ՝ նման օբյեկտի կառուցումը Բելառուսի զարգացումը կհասցնի ինտելեկտուալ և արդյունաբերական ավելի բարձր մակարդակի:

Մեկնաբանել