Եղբա՛յր, դու ասա՛՝ Հարավային Կովկասում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ․ Չավուշօղլուն՝ Հայաստանին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը Ադրբեջան-Հայաստան գործընթացի անկախ դիտարկելը իրատեսական մոտեցում չէ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Թուրքիայում գործող Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում Չավուշօղլուն միտքը բացատրել է նրանով, որ «Հարավային Կովկասում խաղաղությունը կարող է լինել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»:

Չավուշօղլուն հիշատակել է Ադրբեջանի՝ Հայաստանին ներկայացրած հինգ հիմնական կետերի առաջարկությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծումը և կարևորել՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որին Հայաստանը, ըստ նրա, ընդդիմանում է:

Նկատի ունենալով 2020-ի եռակողմ հայտարարությունը՝ նա ասել է․ «Եղբա՛յր, դա Ռուսաստանի մասնակցությամբ ձեր ստորագրած եռակողմ հայտարարությունում է նշված, հիմա դու այն ասա՛՝ Հարավային Կովկասում խաղաղություն ուզո՞ւմ ես, թե՞ ոչ»:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Հայաստանին կրկին դասեր քաղելու կոչ անելով, նշել է, թե «եռակողմ հայտարարությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Ղարաբաղում դեռ հայ զինծառայողներ կան, սակայն նրանք պետք է դուրս գային ռուսական խաղաղապահ ուժերի մուտք գործելուց հետո»:

Չավուշօղլուն վստահեցրել է, թե թուրքական կողմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության է ձգտում:

«Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթացում, սակայն հայկական կողմից մեր ներկայացուցչին ասում են, թե ինչու է Չավուշօղլուն այս ասում կամ Էրդողանն այն ասում: Բայց մենք Ադրբեջանից թաքուն բան ունե՞նք։ Ո՛չ։ Ադրբեջանը կասկածու՞մ է մեր անկեղծությանը։ Ո՛չ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նշել է, թե Հայաստանի այն հայտարարությունները, որ հայկական սփյուռքից մեծ ճնշում կա Հայաստանի իշխանությունների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Այո՛, ընթացող գործընթացներին ընդդիմացողներ կան, հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, սակայն դրանք հայկական Սփյուռքի մեծամասնությունը չեն, փոքրամասնություն են: Հայաստանում անցկացված վերջին ընտրություններին Փաշինյանը ուժեղ աջակցություն է ստացել: Եկեք Հարավային Կովկասում հաստատենք համագործակցութուն և խաղաղաղություն, ինչից ամենաշատը կշահի Հայաստանը»,- նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ նշելով, որ նրանց պարտականությունը հարաբերությունների կարգավորումն է: Ըստ նրա՝ օդային հաղորդակցության և առևտրի ոլորտում վստահության բարձրացման որոշ քայլեր արդեն իսկ արվել են: Չավուշօղլուն ընդունել է, որ սահամամերձ վայրերում որոշ աշխատանքներ են տարվում, որպեսզի նրա խոսքով՝ եթե որոշում կայացվի սահմանները բացել, իրենք պատրաստ լինեն:

Մեկնաբանել