Անհետ կորած վերջին քաղաքացու մարմինը չի գտնվել, որոնողական աշխատանքները դադարեցվել են

Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, անհետ կորած համարվող վերջին քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։ Որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։ Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»,- տեղեկացնում է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։