«Ամիսներով արևի երես չեմ տեսնում, խցում բորբոսնում եմ»

«Այն, ինչին անչափ կարոտում եմ, առանց ճաղավանդակի արևի երեսը տեսնելն է։ Ամիսներով զբոսանքի էլ չեմ գնում, հրաժարվում եմ», – ասում է Մարիան /անունը փոխված է/։

Անազատության մեջ գտնվող կանանց հատկացվող 1 ժամ զբոսանքը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում խցային պայմաններում պահվող կանանց համար իրականացվում է բակում կառուցված և հատուկ զբոսանքի համար հատկացված վայրում, որտեղ նրանք կարող են մաքուր օդ շնչել։ Սակայն շատերը հրաժարվում են զբոսանքից, ասելով, թե նույն ճաղերն են, ինչ տարբերություն, եթե պատուհանից ճաղերի արանքով նայում ես դուրս, ապա զբասանքի համար հատկացված վայրը, որը նրանք «հավաբուն» են կոչում, ավելի ճնշող է։ Բաց է միայն երկինք նայող հատվածը, որը պատված է ճաղերով և ցանցով։

«Դուրս գամ, որ ի՞նչ անեմ, նստեմ մոխրագույն քառակուսի պատերի մեջ ու ճաղի միջից նայեմ երկնքի՞ն։ Է խցում էլ կարող եմ պատուհանից նայել։ Ամիսներով արևի երես չեմ տեսնում, խցում բորբոսնում եմ», – ասում է Անահիտը /անունը փոխված է/։

Անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության և զբոսանքի իրավունքի ապահովումը հիմնարար նշանակություն ունի ինչպես այդ անձանց առողջության պահպանման, այնպես էլ հետագայում նրանց՝ հասարակություն վերադարձի և ինտեգրման համար։ Սակայն զբոսանքի համար հատկացվող վայրն անհրապույր է՝ մոխրագույն բարձր պատեր և մանր ցանցապատ առաստաղ, որից հազիվ են անցնում արևի ճառագայթները։ Ամռանը՝ կիզիչ, իսկ ձմռանը՝ դե ցուրտ է և տեղումներ են։ Խցային պայմաններում բնակվող կանանց զբոսանքի համար հատկացվում է օրն ընդամենը 1 ժամ, բացառություն են կազմում այն կանայք, որոնք իրենց հետ բնակվող մինչև 3 տարեկան երեխաներ ունեն։ Նրանց տրամադրվում է 2-ժամյա զբոսանք՝ մեկուսարանի շենքին կից կանաչապատ տարածքում։ Սակայն չկա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ կամ զբաղմունքի մեկ այլ հնարավորություն։

Համաձայն կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի N1543-Ն որոշման՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 82-րդ կետի՝ երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված՝ կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ, բայց փաստացի այն չկա։

Ձանձրույթից նվաղում են նաև այն կանայք, որոնք կանոնավոր օգտվում են զբոսանքի իրավունքից։

«Մեկ ժամ նստած այստեղ, մենակության մեջ չգիտեմ ինչ անեմ, չկա որևէ զբաղմունք, ինչքան նայեմ երկինք, վիզս արդեն ցավում է, գոնե մի քանի տրենաժոր լիներ, մարզանք անեի մաքուր օդին․․․», – ասում է նստարանին ընկճված դիրքով նստած կինը և անհանգիստ շարժում պարանոցը։

Զբոսանքի ընթացքում ազատությունից զրկված անձանց մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորության տրամադրման կարևորությանն անդրադառնում են Եվրոպական բանտային կանոնները, որոնցում նշված է, որ ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված համապատասխան միջոցառումները, մարզվելու և ժամանցի համար հնարավորությունների ապահովումը պետք է կազմեն ազատությունից զրկման վայրի ռեժիմի մի մասը։ Ավելին, ազատությունից զրկման վայրի ղեկավարությունը պետք է նպաստի դրան՝ ապահովելով համապատասխան սարքերով և սարքավորումներով։

Իսկ մինչ այդ, կանայք խցերում սպասում են, թե երբ արև կբացվի․․․

Մեկնաբանել