Ռուս խաղաղապահ զորախմբի անպատասխանատու պահվածքն ու Ֆաթուլլաևի այցը Աղավնո

Ադրբեջանական քարոզչական Haqqin.az կայքում օգոստոսի 18-ին հրապարակվել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևի հատուկ ռեպորտաժը Բերձոր քաղաքից ու Աղավնո գյուղից: Տեսանյութում ֆաթուլլաևը հայտնում է, որ Լաչինի միջանցքում գտնվող այդ բնակավայրեր այցելելու թույլտվություն իրենք ստացել են ռուս խաղաղապահ զորախմբի սպաներից մեկից, որի իրական անունը, սակայն, չի նշվում:

Haqqin.az-ում հաջորդ օրը հրապարակվել է նաև այդ ռեպորտաժի վիդեո տարբերակը: Ֆաթուլլաևը, մոլորության մեջ մտցնելով տեղի հայ բնակիչներին, ներկայացել է որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ և հարցազրույց վերցնելու փորձ կատարել Աղավնոյի համայնքապետից, գյուղում գտնվող մի շարք այլ անձանցից:

Ֆաթուլլաևի այս սկանդալային այցի ու ռեպորտաժի նպատակները մեծ հաշվով պարզ են: Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում ռազմական գործիքակազմի կիրառմանը զուգընթաց ակտիվ աշխատանք է տանում նաև քարոզչական դաշտում: Արցախում հերթական բնակավայրերի հայաթափման ֆոնին Բաքուն փորձում է մեղմել իր համար ոչ այնքան բարենպաստ տեղեկատվական պատկերը: Այսպես, ադրբեջանական հայտնի փորձգետներն ու լրատվամիջոցները պարբերաբար նյութեր են տարածում խորհրդային շրջանում Բերձորի ու Աղավնոյի բնակչության էթնիկ համամասնության վերաբերյալ, հիշեցնում են նաև, թե ինչպես են այդ բնակավայրերը անցել հայկական վերահսկողության տակ:

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը նաև փորձում է ակտիվորեն ցուցադրել, որ Աղավնոյի ու Բերձորի բնակիչները զբաղվում են վանդալիզմով՝ վառում ու թալանում են սեփական տները, ինչպես նաև բնակավայրերի մոտ գտնվող անտառները: Այս ամենը, ինչպես արդեն նշվեց, արվում է էթնիկ զտման այս հերթական դրվագը մեղմելու համար:

Էյնուլլա Ֆաթուլլաևի այցը Աղավնո և Բերձոր, ամենայն հավանականությամբ, այդ նպատակն էր հետապնդում: Haqqin.az -ի գլխավոր խմբագիրը իր ռեպորտաժի միջոցով փորձում էր ապացուցել ադրբեջանական մի շարք քարոզչական թեզերի իսկությունը: Ֆաթուլլաևի այցը նաև Արցախի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշման հերթական փորձն էր: Ադրբեջանը նմանատիպ գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղապահների ներկայությունը լուրջ խոչընդոտ չէ տարատեսակ սադրանքներ իրականացնելու համար:

Այդ առումով, այս միջադեպի մասին խոսելիս, իհարկե, անհնար է շրջանցել ռուսական խաղաղապահ առաքելության պահվածքի թեման: Թույլատրելով ադրբեջանական քարոզիչների այցը Բերձոր ու Աղավնո` ռուսական խաղաղապահ առաքելությունը կամ դրա առանձին սպաներ դրսևորել են վերին աստիճանի անպատասխանատվություն: Հարկ է նաև նշել, որ խաղաղապահ առաքելությունը այդ օրերին խոչընդոտել էր մի շարք հայաստանյան ու արցախյան լրատվամիջոցների այցը Աղավնո գյուղ:

Ֆաթուլլաևի այցից հետո հաղորդագրություն էր տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը, որի մեջ, մասնավորապես, նշվում էր. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվակական միջոցների մուտքը»:

Հատկանշական է, որ այս միջադեպից հետո Երևանից որևէ պաշտոնական արձագանք չհնչեց: Սա խիստ մտահոգիչ հանգամանք է, քանի որ Ստեփանակերտից հնչող հայտարարությունները բնականաբար չունեն բավական կշիռ: Երևանը առնվազն ներքին կարգով պետք է պարզաբանումներ պահանջի ռուսական կողմից միջադեպի հետ կապված: Ֆաթուլլաևի այցը ռուսական վերահսկողության տակ գտնվող բնակավայրեր և խաղաղապահ առաքելության անպատասխանատու պահվածքը կարող են վտանգավոր միտման սկիզբ դառնալ, որը կխարխլի առանց այն էլ փխրուն իրավիճակը Արցախում:

Մեկնաբանել