Սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները

2022-ի սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն ծերության, հաշմանդամության, աշխատանքային, զինվորական կենսաթոշակները։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ օգոստոսի 24-ի նիստի օրակարգում։

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվում են 30 500 դրամ (28 600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39 000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 21 000 դրամ (18000 դրամի փոխարեն)։ Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա 3100 դրամով կամ 7,1 տոկոսով՝ 42 300-ից դառնալով 46 300 դրամ։

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 18000 դրամից դառնալու է 20 000 դրամ։ Զինվորական կենսաթոշակները կավելանան միջինը 5 200 դրամով կամ 6.8 տոկոսով՝ 77 500-ից դառնալով 82 750 դրամ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կենսաթոշակների բարձրացումը պետք է լիներ 2023-ի հունվարի 1-ից, սակայն տնտեսական վիճակը թույլ է տալիս բարձրացում կատարել սեպտեմբերի 1-ից։ Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ կենսաթոշակների պլանավորված հաջորդ բարձրացումն իրականացվելու է հաջորդ տարվա հուլիսի 1-ին։

Մեկնաբանել