Կառավարությունը ևս 6,8 տոկոսի բաժնետոմսեր նվեր ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ևս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ «ԱՄՓ հոլդինգ»-ից կառավարությանն անցած բաժնետոմսերը կկառավարվեն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից, որը մինչ այս կառավարում էր ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասը՝ 15 տոկոսի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 24-ի նիստում, հարցը զեկուցում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

«ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանը։ Ընդհանուր առմամբ, «ԱՄՓ հոլդինգ»-ին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի կողմից կատարած նվիրատվությունը եղել է դեռ մարտի 24-ին ու այդ որոշումը գաղտնի են ընդունել՝ կոմերցիոն խնդիրներով պայմանավորված։ Դեռ մարտի 1-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ ԶՊՄԿ նախկին տնօրենի կողմից ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում վերականգնվել է 15 միլիարդ դրամի պատճառված վնաս։

«ՀՀ կառավարությունն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում 21,8 տոկոս բաժնեմաս, ինչը կարևոր իրադարձություն է։ Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ես հանդես եմ եկել նախընտրական խոստմամբ ու այս մի նախընտրական խոստումը ի կատար է ածված»,-ասաց Փաշինյանը։

Անցած տարվա սեպտեմբերի 30-ին ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն ձեռք բերեց Պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը, որից հետո դրա 15 տոկոսը նվիրեց կառավարությանը։ Նվիրատվության գործարքը, ինչպես նաև Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատում բաժնետոմսեր ձեռք բերելու գործարքը վիճարկվում է ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովի կողմից։ Կառավարությունն այժմ ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդում ունի ներկայացուցիչ, ինչպես նաև ֆինանսական հսկիչ, Սիվիլնեթը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այժմ դատական կարգով փորձում են ստանալ նվիրատվության պայմանագիրը, որը չի հրապարակվել։

Մեկնաբանել