ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը` Բերձորի և Աղավնոյի գույքի ոչնչացումը դադարեցնելու վերաբերյալ

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի դիմումը, հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

«Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը»,- ասված է գրասենյակի տարածած հայտարարությունում։

***

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունից հետո հայկական կողմը պարտավորվել է մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին հանձնել Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքները։ Օգոստոսի 5-ին Աղավնո գյուղում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել էր համայնքների բնակչության՝ մինչև օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։