ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը։

Ռիկերը կկատարի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը․ «Դեսպան Ռիկերը փոխգործակցելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրոպական միությունն է՝ նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»։

Ֆիլիպ Ռիկերը Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում աշխատելու մեծ փորձ ունի: Մինչ Կովկասի հարցերով խորհրդական նշանակվելը նա ծառայել է Միացյալ Թագավորությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը։ 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոսը Ռիկերը կատարում է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի պաշտոնը, ինչպես նաև եղել է պետքարտուղարի օգնականի տեղակալ, զբաղվել է Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի խնդիրներով: 2008-2011 թվականներին նա եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։

Մեկնաբանել