Երևանի դատախազը «Սուրմալու»-ի գործունեությունը դադարեցնելու միջնորդագիր է ներկայացրել

Երևանի դատախազը միջնորդագիր է ներկայացրել քննարկելու «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր կազմակերպության՝ «Երևանի պահածոների գործարան»-ի գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:

«Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է նաև սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻ նախարարի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է։ Պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռևս 2021-ին օբյեկտում հայտնաբերել է տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ։ Սակայն, արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

«Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Մեկնաբանել