Հայաստանում շարունակվում է բարձր տնտեսական աճը. 13,1% ակտիվություն յոթ ամիսներին

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր դինամիկան շարունակում է: Այս տարվա հունվար-հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 13,1%, իսկ հուլիսին անցյալ տարվա հուլիսի նկատմամբ՝ 19,4%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների՝ համեմատաբար բարձր աճ է արձանագրվել արդյունաբերությունում: Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ռուսական կապիտալով «ՎՏԲ Հայաստան բանկին» պատկանող Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցմանը՝ հուլիսին ոլորտն աճել է 13,7%-ով՝ յոթամսյա տվյալներով արձանագրելով 7% աճ:

Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության աճը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտում առկա դրական տեղաշարժերով։ 2022-ի հունվար-հունիսի իրավիճակը ամփոփելիս նման գնահատական է տվել Էկոնոմիկայի նախահար Վահան Քերոբյանը:

Այս տարվա հունվար-հուլիսի կտրվածքով երկնիշ աճ են գրանցել հետևյալ ոլորտները․ շինարարություն՝ 13,6%, առևտրաշրջանառություն՝ 12,5%, ծառայությունների ոլորտ՝ 27,5%, էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 14,9%)և արտաքին առևտրաշրջանառություն (47,7%): Ընդ որում, արտահանումն աճել է 43,9%-ով, իսկ ներմուծումը՝ 50,1%-ով: Հուլիսին գրանցվել է արտահանման շեշտակի` 82,2% աճ, որը մասնագետները բացատրում է դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

«Քանի որ հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի և ծառայությունների հավելաճի տեմպը նվազել է, իսկ առևտրինը և արտահանմանը՝ ավելացել, կարող ենք եզրակացնել, որ հուլիսին արձանագրված տնտեսական աճի արագացումը մեծապես պայմանավորված է ռե-էքսպորտով»,- մեկնաբանելով տնտեսական ակտիվության աճի տպավորիչ թվերը` ֆեյսբուքյան իր էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Գնաճը հունիսին կազմել է 9,3%`յոթամսյա կտրվածքով հասնելով 8,3%-ի:

Մեկնաբանել