Հայաստանում Չինաստանի դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն այցելել է Սյունիք։ Այցելության նպատակը Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հնարավորությունների քննարկումն է։

«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից»,- Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է Ֆան Յոնգը։

Դեսպանը նշել է, որ բացի հանքարդյունաբերությունից, անհրաժեշտ է այլ բնագավառներում ևս համագործակցել։ Նա հայտնել է, որ դեսպանատունը պատրաստակամ է նաև Չինաստանի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։

«Դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը և այլն»,- ասված է Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել