Շահումով խաղեր․ հարկերն ավելացել են, ծավալը՝ նվազել

Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck

Հայաստանի հետհեղափոխական իշխանությունները մշտապես հայտարարել են խաղամոլության դեմ պայքարի իրենց որդեգրած քաղաքանության մասին։ Դեռ 2018-ի նոյեմբերին՝ նախընտրական փուլում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պայքարելու են երկրում «բուքմեյքերական համաճարակի» դեմ։

«Բուքմեյքերական համաճարակի դեմ մենք պայքարելու ենք, որովհետև, կարծում եմ, դա մեր երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է։ […] Մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից և ստեղծենք նոր տնտեսական կառուցվածք»,- ասել էր Փաշինյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումասիրել է վիճակագրական տվյալները և փորձել հասկանալ, թե ինչ վիճակում է ներկայում Հայաստանում շահումով խաղերի շուկան։

Խաղերի շուկայի խոշոր խաղացողները

Հայաստանում ներկայում լիցենզավորված գործում է վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող չորս ընկերություն` VivaroBet-ը, TotoGaming-ը, Adjarabet-ն ու GoodWin-ը։ Վիճակախաղերը ֆոնդային խաղարկություններն ու սպորտային տոտալիզատորներն են, երբ մասնակիցը խաղադրույք է կատարում՝ փորձելով կանխագուշակել վիճակահանության կամ սպորտային իրադարձության ելքը։

Նույն ընկերությունները զբաղված են նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ, որոնք փաստացի առցանց կազինոներն են, որտեղ մասնակիցը խաղում է այլ խաղացողների հետ (բլոտ, պոկեր և այլն) կամ խաղադրույք է կատարում մեքենայացված վիրտուալ խաղերում։

Բուքմեյքերների հարկերի ծավալը շարունակ աճում է

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալների՝ վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունները միայն 2022-ի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել ընդհանուր մոտ 12 մլրդ դրամ հարկ։ Այս թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2018-ի ամբողջ տարվա ընթացքում վճարված 7,934 մլրդ դրամը։

Պատկերացում կազմելու համար նշենք, որ Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն՝ «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» -ը, վճարել է 1,2 մլրդ դրամով քիչ՝ 9,6 մլրդ դրամ հարկ՝ առանց մաքսային վճարների։

Loading...

Loading…


Այստեղ ներառված չեն մաքսատուրքերը և խաղատների վճարած հարկերը

Սակայն շահումով խաղերի հետ կապված գործունեություն ծավալող ընկերությունների՝ վերջին երկու տարում ավելի շատ հարկերի վճարումը դեռ չի վկայում նրանց շահույթի կամ ոլորտի աճի մասին, քանի որ 2020-ի տարեսկզբից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններով վերջիններիս հարկային բեռը ավելացել է։

Նախկինում հաստատագրված վճարների փոխարեն շահութահարկի համակարգով 2020-ի հունվարի 1-ից հարկվում են վիճակախաղերի (տոտալիզատորների), իսկ 2021-ի հունվարի 1-ից՝ նաև ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը, ինչը զգալիորեն ավելացրել է հարկերի ծավալը։

Loading...

Loading…


Չնայած հարկերի աճին, ըստ Վիճկոմի, ոլորտի ծավալը նվազում է

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ազարտային խաղերի ոլորտի ընկերությունների հասույթը, ինչպես նաև մասնաբաժինը Հայաստանում ծառայությունների ընդհանուր ծավալի մեջ նվազում է՝ 2018-ի առաջին կիսամյակում այն կազմել է 20,4%, իսկ 2022-ի նույն շրջանում՝ 10,4%:

Հայաստանի համախառն ներքին արդյունքում խաղերի շուկայի մասնաբաժինը ևս նվազում է։ Վիճախակաղերի և շահումով խաղերի ոլորտը ՀՆԱ-ի նկատմամբ առանձին չի հաշվարկվում, սակայն այն կազմում է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտի 94-97%-ը: Այսինքն՝ նրանց կարելի է նույնականացնել։


Եթե 2018-ին «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտի՝ այսիքն շահումով խաղերի ոլորտը կազմել է ՀՆԱ-ի մոտ 5,6%-ը, ապա արդեն 2021-ի տվյալներով շուրջ 3,1%-ը։

Loading...

Loading…

Ընկերությունների վճարած հարկերը

Այս ընկերությունները մեծամասամբ ներառված են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այսպես «ՎիվառոԲեթ»-ի հետ փոխկապակցված երեք ընկերությունները՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ը, «Վիվառո գրուպ»-ը և «Վիվառո բեթինգ»-ը 2022-ի առաջին եռամսյակում վճարել են ընդհանուր 5,286 մլրդ դրամ, իսկ ամենախոշոր՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն հարկատուների ցանկում զբաղեցնում է 17-րդ տեղը։

Վրացական ծագում ունեցող «Աջարաբեթ»-ը՝ նույնը ինքը «Կաբարկո» ՍՊԸ-ն, ցանկում զբաղեցնում է 22-րդ տեղը և նույն ժամանակահատվածում պետբյուջե է փոխանցել 4,74 մլրդ դրամ։ Եվս 316 մլն դրամ հարկ է վճարել փոխկապակցված մյուս ընկերությունը՝ «Աբարկո»-ն։ Ընդհանուր՝ 4,390 մլրդ դրամ։

«ՏոտոԳեյմինգ»-ը երկու ընկերությունների՝ «Դիջիթեյն» ՍՊԸ-ի (59-րդ) և «Դիջիգեյմ» ՍՊԸ-ի (295-րդ) միջոցով վճարել է ընդհանուր մոտ 2,286 մլրդ դրամ հարկ։

Loading...

Loading…

«ԳուդՎին» ապրանքանիշը ներկայացնող «Գուդ Սոֆթ» ընկերությունը 2022-ի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 163-րդ տեղը՝ վճարելով 693 մլն դրամ հարկ։ «ԳուդՎին»-ի վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող «Գուդվին-բետ» ընկերությունը վճարել է ևս 64,4 մլն դրամ, սակայն ցանկում չի հայտնվել․ ընդհանուր՝ 757,4 մլն դրամ հարկ։

Մեկնաբանել