«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա կիսամյակում կազմել է 1,6 մլրդ դոլարի»

Օգոստոսի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Միշուստինը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 1,6 մլրդ դոլարի․ «Համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում։ Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի»,- ասել է նա։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը․ «Մենք մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է»։

Միշուստինը ընդգծել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է․ «Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար։ Վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը»։

Մեկնաբանել