«Սուրմալու»-ի պայթյունի գործով չորս անձ ձերբակալվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Ձերբակալվածներից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկուսի նկատմամբ՝ ՔՕ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։