Դասալիքներ ու անանուն մահացածներ. Կաբարդինո-Բալկարիան և պատերազմն Ուկրաինայում

Դմիտրի Պավլով, OC Media

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում, որը պատմական կապեր ունի Ուկրաինայի հետ, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ոմանց մոտ տագնապային տրամադրություններ է առաջ բերել՝ անհանգստությամբ, զինվորների զանգվածային դասալքությամբ, զինված ուժերում աշխատանքից ազատվածների իրավական մարտահրավերներով և վախով՝ ռազմաճակատ ուղարկվածների ընտանիքներում:

Ռուսաստանի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ուկրաինա ներխուժումից գրեթե մեկ տարի առաջ զինված ուժերը հավաքվում էին սահմաններին, հիմնում բազաներ, տեղափոխում զորամասեր և վարժանքներ անցկացնում։ Զորքեր էին ուղարկվում երկրի տարբեր ծայրերից՝ նրանց տեղակայման մասին քիչ տեղեկություններով։

Մարտի սկզբին Կաբարդինո-Բալկարիայից 500 զինվոր լքեց դիրքերը և վերադարձավ հայրենի քաղաքներ՝ հատելով ռուս-ուկրաինական սահմանը Բելգորոդի մոտ։

Վերադառնալուց հետո նրանց հեռացրին իրենց զինվորական դիրքից, չնայած ասել էին, որ դա տեղի չի ունենա, և որ ամենաշատը նրանց կարգապահական պատիժ է սպասվում։ Նրանք վերադարձան անտեղյակության մեջ գտնվող ընտանիքի և ընկերների մոտ, որոնց արգելված էր պատերազմի մասին անկախ լրատվամիջոցների հաղորդագրություններ տարածել կամ մահացածների անուններն իմանալ:

Հստակ ազգային ինքնություններ ունեցող տարածաշրջանում, որը տուժել է Ռուսական կայսրության կողմից Կովկասը գրավելու ժամանակ, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության ճնշումների ներքո, նույնիսկ լավագույն ժամանակներում առկա է Կրեմլի նկատմամբ թաքնված լարվածություն: Սրան գումարենք Ուկրաինայի հետ սերտ պատմական կապերը՝ տարածաշրջանում ուկրաինացի մեծաթիվ բնակչությամբ և նույն ժամանակահատվածում մշակութային լայն շփումներով, և պատերազմը երբեք հեշտ չի լինի վաճառել։

Մինչ Ռուսաստանի կառավարությունը շարունակում է ապատեղեկատվության իր արշավը, իսկ վիրավորների ու զոհերի թիվը աճում է, պարզ չէ, թե Կաբարդինո-Բալկարիայի ժողովրդի և ռուսական պետության միջև լարվածությունը ինչպես կազդի ժողովրդի վրա։

Մեզ ասել էին, որ տեղացիները մեզ ծաղիկներով կդիմավորեն

Ալին (անունը փոխված է) միշտ չէ, որ մասնավոր վարորդ է եղել: Ընդամենը մի քանի ամիս առաջ նա Ազգային գվարդիայի անդամ էր՝ ներքին ուժային կառույց, որն անմիջականորեն ենթարկվում է նախագահ Վլադիմիր Պուտինին: Բայց Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ուղարկվելիս նա պարզեց, որ ռուսական զորքերին ողջունող քաղաքներում կարգուկանոնի առաքելության փոխարեն «շփոթմունք է առաջացել»:

Ալին նկարագրում է իր գնդի կատաղի հրետակոծության տակ հայտնվելը և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ բացակայությունը՝ սովորական սնունդ, զինամթերք, հստակ հրամաններ: Ճակատային գծում կյանքը կորցնելու և վերադառնալուց հետո աշխատանքը կորցնելու միջև ընտրության առջև կանգնելով՝ Ալին ընտրել է վերջինը՝ դառնալով Կաբարդինո-Բալկարիա վերադաձած 500 զինվորներից մեկը:

Ալիի պատմությունը միակը չէ: Մայիսի սկզբին Kavkaz.Realii-ն հարցազրույց էր վերցրել Հյուսիսային Օսիայի զինվորներից, ըստ որոնց՝ մինչ տեղակայումը որևէ նշան չկար, որ իրենց ուղարկում են «լայնածավալ պատերազմի», փոխարենը նրանց ասվել է, որ Խարկովում «տեղաբնակները ձեզ ծաղիկներով կդիմավորեն, ինչպես Ղրիմում»։

«Մեզ [ուղարկեցին] առանց համապատասխան հանդերձանքի և անհրաժեշտ քանակությամբ զենքի։ Ասել էին, որ մենք ուղեկցելու ենք բեռները, աշխատելու անցակետերում և պահպանելու կարգը, պարետային ժամ,- ասում է Ուկրաինայից վերադարձած զինվորներից մեկը։- Մեզ չէին ասել, որ գրեթե ամբողջ ժամանակ հրետանային կրակի տակ ենք լինելու։ Տրամադրությունն իհարկե փոխվել է, և շատերն արդեն վերադառնում են»։

Անկախ լրատվամիջոցները հայտնել են, որ Կաբարդինո-Բալկարիայի զինվորները փետրվարի 24-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել Խարկովի մարզում։ «Մենք գնում էինք [դեպի Խարկով] դաշտերով, գյուղերով, և ահա առաջին գյուղը, առաջին բնակելի շենքերը, խանութները, մարդիկ կանգնած էին ճանապարհներին… և բոլորը կրակի տակ ընկան»,- Mediazona-ի հետ զրույցում ասել է զինվորներից մեկը։

Ակնկալելով ժամանել քաղաքների գրավումից հետո՝ Ազգային գվարդիան պատերազմի առաջին իսկ օրերից հայտնվել էր ուղղակի հակամարտության մեջ: Պատերազմի բռնկումից չորս օր անց զինվորները հատում են սահմանը Բելգորոդի մոտ և գնում Կուրսկի շրջանի Զորինո քաղաքի ժամանակավոր տեղակայման կետ: Նրանք հանձնում են իրենց զենքերը, վարձում ավտոբուսներ և մարտի սկզբին վերադառնում Կաբարդինո-Բալկարիա։

Իրավական մարտահրավեր

Այս վերադարձի բնույթը վիճաբանության առարկա է:

Տեխնիկապես, զինվորներից ոչ ոք դասալիք չի կարող համարվել և չի կարող ենթարկվել համապատասխան քրեական հետապնդման։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ընդունել, որ պատերազմում է Ուկրաինայի հետ՝ փոխարենն այն անվանելով «հատուկ գործողություն»։

Բացի այդ, զինվորները պնդում են, որ իրենց տրվել է կռիվը շարունակելու կամ հեռանալու ընտրություն: «Իմ մեկնելու պատճառը գնդի հրամանատարի կողմից ընտրության հնարավորություն տալն էր։ Եթե հրամանատարը հրամայեր շարունակել մասնակցել հատուկ գործողությանը, ես այդ հրամանը կկատարեի»,- ասել է Ազգային գվարդիայի պաշտոնանկ արված անդամը Kavkazskii Uzel-ին տված հարցազրույցում։

Զինվորները նկարագրում են, թե ինչպես են վերադարձրել իրենց զենքերը՝ համապատասխան արձանագրության համաձայն, ստացել ճանապարհորդության նպաստ և օգնություն՝ տրանսպորտ գտնելու հարցում: Ըստ Mediazona-ի՝ սահմանը հատելուց առաջ փոխգնդապետ Զաուր Իկաևը զինվորներին ասել է, որ «բոլոր նրանք, ովքեր կհատեն սահմանը… կհամարվեն ռազմական հանցագործներ»:

Անցնելով սահմանը՝ Ազգային գվարդիայի գեներալներից մեկը հայտարարել է, որ «որոշում է կայացվել… ևս մեկ անգամ ասելու՝ ոչ ոք ձեզ դասալիք չի համարում»։ Բայց մարտի սկզբին մոտ 500 զինվոր, որոնք վերադարձել էին Խարկովի մերձակայքից, ազատվել են աշխատանքից։

Աշխատանքից ազատվելուց երկու ամիս անց Ազգային գվարդիայի 115 նախկին աշխատակիցներ դիմում են ներկայացրել Նալչիկի զինվորական դատարան՝ պահանջելով ապօրինի ճանաչել իրենց զինվորական ծառայությունից ազատումը և վերականգնել իրենց պարտականությունները։ Մայիսի 25-ին այդ բողոքը մերժվել է։

Կաբարդինո-Բալկարիան անտեղյակության մեջ էր

Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կառավարությունը խստորեն վերահսկում է «հատուկ գործողության» մասին տեղեկատվությունը` պատժելի հանցագործություն համարելով պատերազմի մասին այնպիսի տեղեկատվության փոխանակումը, որը համարում է ռուսական բանակը վարկաբեկող կամ սխալ։

Կաբարդինո-Բալկարիայի քաղաքացիների մահվան մասին հաղորդագրությունները հաճախ են ուշանում, երբեմն՝ երկու կամ ավելի շաբաթ: 2015-ից «հատուկ գործողությունների» ժամանակ զոհվածների մասին տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։ Մահացածների մասին տեղեկությունները էլ ավելի անհասանելի դարձան 2022-ի ապրիլի 20-ից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշեց Ուկրաինայում մահացած զինծառայողների հարազատների տվյալները դասակարգել որպես գաղտնիք։

Ուկրաինայում զոհված զինվորներին տրվող հետմահու պարգևների մասին հրապարակումներում նույնիսկ չեն նշվում ստացողների անունները, ուստի լրագրողները չեն կարողանում կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Չնայած տեղեկատվության տարածումը և ազատական առցանց ռեսուրսները սահմանափակելու փորձերին, ներխուժման առաջին օրերից Կաբարդինո-Բալկարիայում սոցիալական ցանցերի օգտատերերը տեղյակ էին Ազգային գվարդիայի կրած ծանր կորուստների մասին:

Այնուամենայնիվ, նրանք հազվադեպ էին սոցցանցերում ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկություններ տարածում՝ վախենալով պատժից: Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր պաշտոնապես հաստատվել է Կաբարդինո-Բալկարիայի բնակիչների մահվան առնվազն 25 դեպք։

«Այդ հատուկ գործողությունը մերը չէ»

Սոցիալական մեդիան ակտիվ ճակատ է եղել Ուկրաինա ներխուժման շուրջ տեղեկատվական պատերազմում: Տելեգրամում հրապարակված մի տեսանյութ վիճելի է դարձել՝ չերքեզական դրոշ ներառելու պատճառով: «Ես չեմ հասկանում, թե ինչ է անում այնտեղ մեր ազգային դրոշը, քանի որ մեր փոքր ազգը չէ, որ իրականացնում է հատուկ գործողությունը»,- ասում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի բնակիչներից մեկը:

OC Media-ի հետ զրույցում նախկին դերասանուհին հիշեց, որ Խորհրդային Միության տարիներին Նալչիկը և Վիննիցիան (քաղաք Ուկրաինայում) քույր քաղաքներ էին։ Դերասանները, գրողները և արվեստագետները հաճախ փոխադարձ ստեղծագործական այցեր էին կատարում, Նալչիկում մինչ օրս կա Վիննիցկայա փողոց:

Մինչ օրս ուկրաինացի գրող Մարկո Վովչոկին նվիրված տուն թանգարան կա այն բնակարանում, որտեղ նա ժամանակին ապրել է, իսկ քաղաքային այգին նախկինում լի էր ուկրաինացի քանդակագործ Լեոնիդ Մոլոդոժանինի (Լեո Մոլ) կերտած արձաններով։

Նալչիկի բնակչուհու խոսքով՝ ուկրաինացիները միշտ էլ ապրել են Կաբարդինո-Բալկարիայում։ 18-րդ դարի վերջին Զապորոժիեի շրջանի Կուբանի կազակները շրջանում կազմում էին մեծ և լավ ինտեգրված ուկրաինական բնակչություն: Պոլտավայի նահանգի վերաբնակիչները շրջան եկան 19-րդ դարի երկրորդ կեսին, ինչին հաջորդեց ուկրաինացի միգրանտների ալիքը 1920-1940-ականներին, որոնք փախչում էին Գոլոդոմորի սովից, իսկ ավելի ուշ՝ առաջխաղացող գերմանական զորքերից:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ուկրաինացի փախստականները սկսեցին գալ Կաբարդինո-Բալկարիա: Առնվազն 400 մարդ Դոնեցկից և Լուգանսկից ապաստան է գտել շրջանում, իսկ տեղական իշխանությունները կացարաններ են տրամադրում առողջարաններում և խոստանում բժշկական օգնություն ու կրթություն:

Դերասանուհին նկարագրում է իրենց կապի և շփումների վառ պատմությունները, բայց ափսոսանքով եզրակացնում, որ պատերազմից հետո «այս ամենը ոտնահարված է»։