2022-ի առաջին կիսամյակում Հայաստանի բանկերն ունեցել են 111 մլրդ դրամի շահույթ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկերն ունեցել են 111 մլրդ դրամի շահույթ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 70 մլրդ դրամով ավելի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, հաղորդում է ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2022-ի հունվար-հունիսին բանկերի կապիտալն ավելացել է 23%-ով՝ կազմելով 1,1 տրլն դրամ, իսկ ընդհանուր ակտիվները՝ 2,74%-ով՝ կազմելով 7,2 տրլն դրամ։

Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1,2%-ով՝ կազմելով 4 տրլն դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար (50/50):

«2022-ի առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ 0,5%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 65 մլրդ դրամով կամ 7,4%-ով: Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են»,- նշել է Սեյրան Սարգսյանը։

2022-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0,7%-ով՝ կազմելով 3,9 տրլն դրամ։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 44,4%-ը (1 828 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44,2%-ը՝ (1 818 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11,4%-ը՝ (466 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի մասով էական փոփոխություններ չեն դիտարկվել: Ըստ այդմ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1,4%-ով՝ կազմելով 13,6%: Բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,2%-ով՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,1%-ով՝ կազմելով 3,7%:

Վարկերի կառուցվածքում ամենամեծ տեղը զբաղեցնում են սպառողական վարկերը՝ 23%-ը, երկրորդը հիպոթեքային վարկերն են՝ 20%-ը։

Վարկերի կառուցվածքում աճ գրանցվել է մասնավորապես սպառողական (0,4%), հիպոտեքի 20 տոկոսով (10,3%), շինարարության 9 տոկոս (4,2%), գյուղատնտեսության (1,6%) վարկերի մասով։ Նվազում գրանցվել է տրանսպորտի և կապի (20,3%), սպասարկման (8,9%), արդյունաբերության(2,2%) և առևտրի(2%), ոլորտներում:

2022-ի հունվար-հունիս ժամանակահատվածում արտասահմանից ստացումների ծավալը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 922 մլն դոլարով կամ 97,3%-ով: Արտասահման կատարված փոխանցումների ծավալը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 326 մլն դոլարով կամ 57,7%-ով: ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 596 մլն դոլարով կամ 155,6%-ով:

Մեկնաբանել