ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Ֆիլիպ Ռիքերին Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները։

Այս որոշմանը հաջորդել էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որում նշված էր, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, հայտարարել է, որ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնելու հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։