«Ադրբեջանական բանակն արդեն տեղակայվել է Լաչինում»․ Ալիև

Ադրբեջանական բանակն արդեն տեղակայվել է Բերձոր (Լաչին) քաղաքում, ինչպես նաև վերահսկողության տակ է վերցրել Աղավնո և Սուս գյուղերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին (Բերձոր) քաղաք։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում։ Զաբուխ (Աղավնո) ու Սուս գյուղերը վերահսկողության տակ են։ Այս առիթով շնորհավորում եմ բոլոր լաչինցիներին և ադրբեջանական ժողովրդին»,- Թվիթերի իր էջում գրել է Իլհամ Ալիևը։

***

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունից հետո հայկական կողմը պարտավորվել էր մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին հանձնել Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքները։

Չնայած ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը, Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը գործելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ Լաչինի այլընտրանքային միջանցքին միացող Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։ Մինչ այդ երթևեկությունը կազմակերպվելու է 4,7 կիլմոտրանոց ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցելու է Բերձոր ու Աղավնո համայնքները և միանալու է Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին:

Մեկնաբանել