Ընդդիմության շարքերում Ալ-Կաիդայից անդամներ չկան. Սիրիայի ազատ բանակ

Սիրիայի ազատ բանակի ղեկավար Ռիադ Ալ Ասաադը այսօր Ռուսաստանի Ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական ընդդիմության շարքերում Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպությունից անդամներ չկան:

Ասաադը հավելել է. «Սիրիայում մենք մերժում ենք բոլոր ծայրահեղական մտքերը»:

Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի` երկրում գտնվող ղեկավար գնդապետ Կասիմ Սաադուդդինը տարածել է մի հայտարարություն, որի մեջ հայտնում է, թե Սիրիայի ազատ բանակն է լինելու ապագա Սիրիայի ազգային բանակի կորիզը, որը պաշտպանելու է երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, սահմանադրությունը և ժողովրդավարական ինստիտուտները:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Սիրիայի ազատ բանակի զինվորները գերիների նկատմամբ բռնություն, բռնաբարություն կամ խոշտանգումներ չեն իրականացնելու: Ազատ բանակը դեմ է նաև կողոպուտներին և փրկագնի դիմաց մարդկանց առևանգմանը:

Նույն հայատարության մեջ նաև նշվում է, որ ցեղի, դավանանքի, կրոնի պատկանելության կամ որևէ այլ հիմքի վրա ոչ ոքից վրեժ չի լուծվելու, ինչպես նաև նշվում է, որ վարչակարգի տապալումից հետո ազատ բանակն իր զենքը հանձնելու է երկրում ժամանակավոր իշխանությանը: