Հասարակությանը վատին չնախապատրաստելով՝ ստանում ենք ավելի վատը

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Պատերազմից, իսկ առավելապես վերջին ամիսներին երևի հայ չմնաց, որ չլսեր Աղավնոյի մասին:

Այս օրերին մենք ցավով հետևում էինք, թե ինչպես է դատարկվում Աղավնոն։ Հետևում էինք` որևէ բան նախաձեռնելու անզրորությամբ: Եթե Բերձոր քաղաքը պատերազմից հետո կարելի է ասել՝ հանձնված էր, ապա Աղավնոն մինչև վերջին պահը համայնք էր հիշեցնում։ Բերձորում ընդամենը 170 մարդ էր մնացել, ըստ իմ զգացողության, տրամադրությունները վաղուց ճամպրուկային էին։

Երբ մայիսին եղա Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի (Ղարաղշլաղ) Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում, այս հարցը էլ ավելի հստակեցավ՝ ի՞նչ է լինելու Լաչինի միջանցքում գտնվող Աղավնո և Բերձոր բնակավայրերի հետ (այս երկու գյուղերի միջով է անցնում նոր ճամփան՝ Արցախը Հայաստանին կապող)։ Քննարկում էի գիտակ ու բանիմաց մարդկանց հետ, պատասխանը մեկն էր՝ հայության համար հերթական «բոլոլան» էր սպասվելու։ Արցախի բոլոր պաշտոնյաները խուսափում էին այս ցավոտ հարցերի մասին զրույց սկսել։

Նրանց սխալներից մեկը հասարակությանը վատին չնախապատրաստելն էր (նման դեպքերում հեշտ է հետահայաց ակնարկով եզրահանգումներ անել), ինչը նաև հնարավորություն կտար շատ ավելի մեղմ տարհանում կազմակերպել: Սա գրելիս բռնեցնում եմ ինձ այն մտքի վրա, թե Ստեփանակերտի բնակչիս համար ինչքան նյարդայնացնող է երևանցի «վերլուծաբանների» խորհուրդները, թե պետք է ամբողջ Արցախի տարհանման ծրագիր ունենանք։

Ստեփանակերտի բնակչիս համար ինչքան նյարդայնացնող է երևանցի «վերլուծաբանների» խորհուրդները, թե պետք է ամբողջ Արցախի տարհանման ծրագիր ունենանք։

Իմ տեղեկություններով, Արցախի իշխանությունները հույս ունեին, որ ևս մեկ տարով կարող են պահպանել Լաչինի միջանցքը։

Առաջինը լռությունը խախտեց Նիկոլ Փաշինյանը. առցանց ասուլիսին ասաց, որ Բերձորն ու Աղավնոն անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Հունիսի 30-ին պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորը զիջելու ենք, իսկ Աղավնոյի համար կպայքարենք ու կբանակցենք։ Այդ օրը Ազգային ժողովում կարծես բոլորը բոլորի հետ համաձայնեցին ու գնացին տուն, որովհետև դրանից հետո աղմուկ չբարձրացրին (աղմուկ բարձրացրին արտախորհրդարանական ուժերը, ինչը ավելի շատ օգոստոսի 3-ի սրացումների հետ էր կապված, քան բուն Լաչինի միջանցքի հանձնման հետ)։

Օգոստոսի 2-ին Արցախում լարված էր։ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է առաջիկայում Հայաստանի հետ կապը կազմակերպել նոր երթուղով։ Հաջորդ օրը Արցախի բանակը ունեցավ երկու զոհ և 19 վիրավոր։ Դա նշանակում էր՝ «շուտ արեք, հանձնեք, հետո ավելի վատ կլինի»։

Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Հայկ Խանումյանը գնաց Աղավնո ու հայտարարեց, որ օգոստոսի 25-ին պիտի դատարկենք գյուղը:

Ամեն ինչ պարզ էր, անակնկալ չէր մեծ հաշով: Ադրբեջանը ո՞ւմ աչքերի համար էր նման տեմպերով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ կառուցում:

Այնուհետև սկսվեց բանավեճ այն մասին, որ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Իրաբավան չեմ, չեմ կարող մեկնաբանել հայտարարության 6-րդ կետը, բայց ինձ այդքան էլ հետաքրիր չէ, թե ինչ է գրված այնտեղ. այն իրավական ուժ կարող է ունենալ այդ դեպքում, երբ իրական ուժ կա մկաններում։

Սակայն ամեն ինչից զատ, մենք 100 ընտանիքի ճակատագրի հետ խաղացինք: Լիներ Աղավնոյի հանձնումը անմիջապես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին մնացած բնակավայրերի հետ, չէր էլ նկատվի: Այսինքն, սա պատերազմի պարտության շարունակությունն է: Մենք այդ մարդկանց վերաբնակեցրինք անմիջապես պատերազմից հետո։ Հայաստանում մինչև պատերազմը բոլորը համոզված էին, որ միջանցքը երբեք չի հանձնվելու: Ժամանակին խնդրում էինք, որ գային, հիմա էլ ասում ենք՝ դուրս եկեք:

Հնարավո՞ր է՝ մի օր գան ու մեզ էլ սերտիֆիկատ տան տուն գնելու համար: Այս հարցն են սկսել տալ իրենց Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և այլ բնակավայրերի բնակիչներ։

Անդրանիկ Շաուիշեանը Արցախի ամենալավ համայնքապետերից է՝ ըստ իս: Նա եկել է Սիրիայից, բնակվել, սիրվել ու ղեկավար ընտրվել (ինչի համար սիրեցինք այդ կոլորիտային համայնքը): Սակայն ովքե՞ր էին այն մարդիկ, որ մղում էին նրան հերոսական անիրագործելի հայտարարություններ անել: Ովքե՞ր էին անտեղի հույսեր սերմանում հայկական հասարակության մեջ:

Որպեսզի այս ամենը վերջում շատ ավելի ողբերգական տեսք ստանա՞:

Իսկ Երևանի իշխանությունները, կարծես, ձեռքերը թափ են տվել ու Լաչինի միջանցքի հանձնումն ամբողջությամբ բարդել Արցախի իշխանությունների վրա:

Պարտությունից հետո Արցախը ուշքի չի գալիս, շարունակում է բարոյալքվել՝ թե՛ նրա իշխանությունները, թե՛ հասարակությունը: Այս ամենում քիչ դեր չունեն Հայաստանի ընդդիմությանը ու իշխանություններին հարող լրատվամիջոցների ամենօրյա ռեժիմով տարածվող մանիպուլյացիաները։ Օրինակ, օգոստոսի 3-ին և 4-ին Արցախի բանկավայրերից մեկում խուճապահար քննարկում էին հայաստանյան ընդդիմադիր ալիքներից մեկի տարածած դավադրապաշտական սցենարը այն բնակավայրում, որից 2-3 կմ հեռավորության վրա երկու զոհ ունեցանք ու 19 վիրավոր։ Փոխանակ քննարկեին ապաստարանների կառուցումը, որ հաջորդ անգամ թաքնվելու տեղ ունենան, ուշադիր լսում էին այդ հաղորդումը ու խուճապից ավելի քարանում։ Այն, ինչ խաղ է Հայաստանի ընդդիմադիրների ու իշխանության համար, մյուսների համար ճակատագիր է:

Շարունակվելո՞ւ է արդյոք արցախցիների ֆրուստրացիան: Եվ գլխավորը՝ ի՞նչ անել: Հաջողվելո՞ւ է զարմացնել բոլորին և ինքներս մեզ:

Մեկնաբանել