Բաքուն հուսով է՝ բրյուսելյան հանդիպմանը խաղաղության համաձայնագրի աշխատանքային խումբ կստեղծվի

հիքմեթ հաջիև

Բաքուն հույս ունի, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը համաձայնություն ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծման շուրջ․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Ինչպես հաղորդում է Interfax.az-ը, Շուշիում այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ միջոցառմանը Հաջիևն ասել է․ «Այս ամսվա վերջին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։ Ադրբեջանական կողմը հուսով է, որ այդ հանդիպմանը համաձայնություն ձեռք կբերվի աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստելու համար»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին Բրյուսելում։ Օգոստոսի 30-ին էլ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են հաղորդակցության և սահմանների սահմանազատման հարցեր։

Մեկնաբանել