Ինչու են սրվել Բաքվի հարաբերությունները Վաշինգտոնի և Փարիզի հետ

իլհամ ալիևը ֆրանսիայում

Ինչ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում

2022-ի ամռան վերջին օրերին բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունենալու սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ նիստը, իսկ օգոսոտոսի 31-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան – Ալիև – Միշել ձևաչափով երրորդ հանդիպումը: Օգոստոսի սկզբին Արցախում ռազմական էսկալացիայից և Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ադրբեջանին հանձնելուց հետո բանակցային գործընթացը կարծես թե նոր թափ է հավաքում:

Մինչ հայ-ադրբեջանական հարաբերություններով և Արցախյան հիմնախնդրով զբաղվող փորձագիտական հանրույթը փորձում է գնահատումներ և կանխատեսումներ կատարել այս երկու հանդիպումների հնարավոր արդյունքների վերաբերյալ՝ անսպասելի սրացում գրանցվեց Ադրբեջան – ԱՄՆ և Ադրբեջան – Ֆրանսիա հարաբերություններում: Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու մասին: Պետքարտուղարն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և օգնել երկու պետություններին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Առաջին հայացքից այս սովորական դիվանագիտական քայլը տարօրինակ կոշտ արձագանքի արժանացավ Ադրբեջանի կողմից: Այդ պետության արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:

Արդեն օգոստոսի 27-ին, ելույթ ունենալով Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանը, Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների կողմից Շուշի այցելության հրավերի մերժումը պետք է գնահատել որպես այդ պետությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում: Նույն ելույթում անդրադառնալով Մինսկի խմբին՝ Հաջիևը նշել է, որ «այն վերակենդանացնելու փորձերը ամոթալի են, և Ադրբեջանի համար նման կառույց գոյություն չունի»: Ակնհայտ է, որ Հաջիևի կարգի պաշտոնյան չէր կարող նման հայտարարություններ անել առանց Ալիևի հետ համաձայնեցման:

Ինչը կարող է լինել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի այս կոշտ հայտարարությունների իրական պատճառը: Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը Եվրամիության համար ավելացել է, ինչի վկայությունն էր Բաքվում ԵՄ – Ադրբեջան էներգետիկ ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանը, բացի դիզվառելիքից, որոշակի զինատեսակներ է մատակարարում Ուկրաինային, ինչն ակնհայտորեն պետք է գոհացնի Արևմուտքին:

Ադրբեջանի դժգոհության պատճառ կարող է լինել Արևմուտքի ցանկությունը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և դրանով հիմք ստեղծելու 2025-ի նոյեմբերին Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռացումը պահանջելու համար: Ադրբեջանն ինքը դեմ չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, սակայն խնդիրը Ղարաբաղի ապագան է:

Արևմուտքը հասկանում է, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնությունների, ռուս խաղաղապահների հեռացումը միանշանակ հանգեցնելու է լայնածավալ էթնիկ զտումների: Այսինքն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են խաղաղության պայմանագիր, որը չի ֆիքսում Արցախի ճակատագիրը և այդ հարցում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը, դա հնարավորություն չի տա Արևմուտքին պահանջել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերում:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը հասկանում է, որ նույնիսկ Հայաստանի գործող կառավարությունը դժվար թե համաձայնի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, որտեղ հստակ կֆիքսվի, որ Հայաստանը համաձայն է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել է Արցախի կարգավիճակի խնդրում նշաձողն իջեցնելու իր պատրաստակամության մասին: Սա նշանակում է, որ Հայաստանը, առնվազն տեսականորեն, պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնության գալ Արցախը ինքնավար կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու հարցում: Սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել, որ Արցախը երբեք չի ստանա ինքնավարություն, իսկ եթե Հայաստանը շարունակի խոսել Արցախի մասին, ապա Ադրբեջանը կսկսի խոսել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի մասին:

Ադրբեջանի նախագահի այս դիրքորոշումն ունի երկու հիմնական պատճառ: Եթե հիմա Ալիևը համաձայնում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի վերաբերյալ, ապա ստացվում է, որ նա վերջին երկու տարիներին ուղղակիորեն խաբել է ադրբեջանցի ժողովրդին՝ հայտարարելով, որ Ղարաբաղ չկա և Ղարաբաղյան հարց գոյություն չունի: Բացի դրանից, Ադրբեջանում շատերը վախենում են, որ եթե Ղարաբաղին տրվի ինքնավար կարգավիճակ թեկուզև 2020-ի նոյեմբերի 10-ի սահմաններով, ապա մի քանի տարի անց այդ ինքնավարությունը կարող է պահանջել անկախություն կամ միացում Հայաստանի հետ՝ հակամարտությունը վերադարձնելով 1988-ի փետրվարի վիճակին:

Ստեղծված պայմաններում Ադրբեջանը ցանկանում է ստիպել Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր առանց Ղարաբաղի ինքնավարության մասին որևէ հիշատակման: Այս տարբերակին դեմ է Ռուսաստանը, քանի որ դա էականորեն կմեծացնի Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս մղելու հավանականությունը: Ռուսաստանի ցանկությունն է հնարավորինս հետաձգել կարգավիճակի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերումը, ինչը հնարավորություն կտա նրան հակամարտությունն օգտագործել որպես ճնշման լծակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կցանկանար, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցեին իր քաղաքականությանը, այլ ոչ թե Ադրբեջանից պահանջեին Հայաստանի հետ բանակցություններ սկսել Ղարաբաղի ինքնավարության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի շահերին, ապա ակնհայտ է, որ եթե անգամ Ադրբեջանը համաձայնի Ղարաբաղին շնորհել ինքնավարություն արևմտյան երաշխիքների ներքո, միևնույն է, դա շատ արագ կհանգեցնի Արցախի եթե ոչ ամբողջական, ապա էական հայաթափմանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը և Արցախը պետք է ամեն ինչ անեն խուսափելու Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող որևէ համաձայնագրի ստորագրումից, նույնիսկ եթե այն նախատեսի ինքնավարություն և միջազգային երաշխիքներ: Հասկանալի է, որ այդ դեպքում Ադրբեջանը նորից դիմելու է ռազմական շանտաժի և էսկալացիայի քաղաքականությանը, սակայն դրանից խուսափելու համար Արցախի փաստացի հանձնումը Ադրբեջանին Հայաստանին չի փրկի: Արցախի ոչնչացումից հետո Ադրբեջանը ռազմական շանտաժն ու էսկալացիան կիրառելու է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ խլելու նպատակով:

Մեկնաբանել