Արցախում ողջունել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների Շուշի չայցելելը

Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը։

Շուշիում այսօր կայացել է մեծ համաժողով, որին ներկա են եղել Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններ և այլ դիվանագետներ։ Նրանց թվում չեն եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները։

«Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասված է Թովմասյանի հայտարարությունում։ Շուշիում շաբաթ կայացած միջոցառմանն այսօր Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի չայցելելու փաստին, հայտարարել է, թե այդ երկրները չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Տե՛ս նաև՝ Բաքուն հուսով է՝ բրյուսելյան հանդիպմանը խաղաղության համաձայնագրի աշխատանքային խումբ կստեղծվի

Մեկնաբանել