Դեսպան Յովանովիչի ինքնակենսագրական գրքի` Հայաստանին առնչվող հետաքրքրական պահերը

2022-ի մարտին լույս է տեսել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի «Դասեր եզրից. հուշեր» (Lessons From The Edge: A Memoir) ինքնակենսագրական գիրքը: Գրքի մեջ Յովանովիչը գրում է տարբեր երկրներում իր դիվանագիտական ծառայության տարիների մասին: Յովանովիչի հուշերի գլուխներից մեկը նվիրված է Հայաստանում նրա պաշտոնավարման շրջանին, որում ուշագրավ մի շարք դրվագներ ու մեկնաբանություններ կան: Սույն հոդվածի մեջ առանձնացնում ենք դեսպան Յովանովիչի գրքի` Հայաստանին նվիրված հատվածի ամենահետաքրքրական պահերը:

Մարի Յովանովիչը Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել բավականին բարդ ժամանակահատվածում: Հայաստանում Միացյալ Նահանգների նախորդ դեսպան Ջոն Էվանսը ազատվել էր իր պաշտոնից 2006-ի սեպտեմբերին, քանի որ մինչ այդ ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը` հակադրվելով Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցի վերաբերյալ:

Էվանսի պաշտոնանկությունից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդին, որը զբաղեցնում էր Տաջիկստանում դեսպանի պաշտոնը: Սակայն ԱՄՆ հայկական կազմակերպությունների ճնշման արդյունքում Հոգլանդի թեկնածությունը Սենատում արգելափակվեց: Հոգլանդի հաստատման գործընթացը տևեց մոտ մեկ տարի, և այդ ողջ ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր:

Ի դեպ, Ռիչարդ Հոգլանդը ապագայում զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահի պաշտոնը, իսկ այժմ աշխատում է Վաշինգտոնում գտնվող Caspian Policy Center վերլուծական կենտրոնում, որը Միացյալ Նահանգներում զբաղվում է Ադրբեջանի լոբբինգով և հաստատված կապեր ունի Բաքվի հետ:

Հոգլանդից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվեց Մարի Յովանովիչը: Սենատում նրա հաստատման գործընթացը ևս բավական բարդ է ընթացել, սակայն նաև Հայաստանից աջակցության շնորհիվ նրա թեկնածությունը ի վերջո հաստատվեց Սենատում: Յովանովիչը գրքի մեջ, մասնավորապես, նշում է, որ իր թեկնածության շուրջ Սենատում տեղի ունեցած լսումներին ներկա էր լինում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ինչը, ըստ նրա, կարևոր աջակցող գործոն էր: Յովանովիչը դեսպանի պաշտոնում նշանակվել է 2008-ի օգոստոսին և Երևան է ժամանել սեպտեմբերին:

Յովանովիչը Հայաստանում իր պաշտոնավարումը սկսել էր չափազանց լարված ներքաղաքական իրավիճակում․ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ընդամենը կես տարի էր անցել: Մի շարք գործիչներ քաղաքական դրդապատճառներով շարունակում էին ազատազրկված մնալ: Յովանովիչը նշում է, որ պաշտոնավորման առաջին օրերից սկսած՝ իր առաջնահերթությունների շարքում էին քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև մարտի 1-ին սպանությունները իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերը:

Նա նշում է, որ այդ շրջանում մի շարք զգայուն հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի ու գլխավոր դատախազի հետ` բարձրացնելով վերոնշյալ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: ԱՄՆ նախկին դեսպանը, սակայն, գրում է, որ Սերժ Սարգսյանն ի սկզբանե լուրջ չէր վերաբերվում այդ հորդորներին և որևէ իրական քայլ չէր ձեռնարկում բարձրացրվող խնդիրներին լուծումներ տալու համար: Դեսպանն ընդգծում է, որ այս հարցերով ՀՀ իշխանությունների հետ եկխոսության մեջ առաջընթացի բացակայության պատճառով է ԱՄՆ-ը 2009-ի հունիսին հայտարարել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացվելիք 235 միլիոն դոլարից 58 միլիոնը սառեցվելու է: Յովանովիչը հավելում է, որ Միացյալ Նահանգների այդ որոշումից հետո Հայաստանում նույն ամսվա ընթացքում համաներման միջոցով ազատ արձակվեցին մի շարք քաղբանտարկյալներ:

Մարի Յովանովիչը գրքի մեջ մանրամասն չի գրում իր պաշտոնավարման տարիներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների բովանդակության մասին` փոխարենը կենտրոնանալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Այնուամենյանիվ, ԱՄՆ նախկին դեսպանը հետաքրքրական և սենսացիոն նկատառում է անում գրքի մեջ Ղարաբաղյան հակամարտության ու Հայաստանի ներքին գործընթացների կապի մասին: Նա, մասնավորապես, գրում է.

«Հայաստանի որևէ ղեկավար, որը պատրաստակամություն է ցուցաբերել զիջումերի գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, ռիսկի տակ էր դնում սեփական կարիերան և նույնիսկ կյանքը: Լեռնային Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության հարցում անհամաձայնությունները մեծ դեր են խաղացել 1998-ին Հայաստանի նախագահի հրաժարականի և 1999-ին վարչապետի, խորհրդարանի խոսնակի և այլ պաշտոնյաների սպանության մեջ»:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում Միացյալ նահանգների նախկին դեսպանը ուղիղ տեքստով պնդում է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարաձայնությունների պատճառով է իրականացվել: Հայաստանում ևս, իհարկե, բազմաթիվ վարկածներ են տարիների ընթացքում շրջանառվել, որոնք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապել են հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Այնուամենայնիվ, սա, կարծես թե, առաջին դեպքն է, երբ օտարերկյա նախկին բարձրաստիճան դիվանագետ է այսօրինակ պնդում անում:

Մարի Յովանովիչի գրքի հայաստանյան գլխի զգալի մասը նվիրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանում ԱՄՆ դերին: Դեսպանը նշում է, որ Միացյալ Նահանգները ինչ-որ պահի ներգրավվել է Շվեյցարիայի միջնորդությամբ մեկնարկած հայ-թուրքական բանակցություններին` գործընթացին գերտերության աջակացություն ապահովելու համար: Յովանովիչը գրում է, որ չնայած ԱՄՆ ներկայացուցիչները չէին մասնակցում հայ-թուրքական հանդիպումներին, սակայն ամեն հանդիպումից հետո նրանց տեղեկացնում էին բանակցությունների մանրամասնություններին: ԱՄՆ-ն այս գործընթացում ինչպես քաջալերում էր կողմերին, այնպես էլ, հարկ եղած դեպքում, ճնշում էր գործադրում, որպեսզի բանակցություններում առաջընթաց լինի:

Յովանովիչի հուշերի այդ հատվածում հետաքրքրկան դրվագներ կան այս թեմայով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նրա շփումների վերաբերյալ: ԱՄՆ նախկին դեսպանը գրում է, որ նա այդ շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով զրույցներ էր ունենում Նալբանդյանի հետ, որոնք շատ հաճախ բարձր տոնով էին ընթանում: Նա նշում է, որ Նալբանդյանը չէր վստահում թուրքերին: Ըստ Յովանովիչի` Նալբանդյանը նաև մտահոգված էր, որ երբ բանակցությունների փաստը հանրայնացվեր, ինքը քննադատությունների թիրախ կդառնար Հայաստանում ու սփյուռքում և կկորցներ իր աշխատանքը, հեղինակությունը և միգուցե նույնիսկ կյանքը: Յովանովիչը հավելում է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ շփումների ընթացքում երբեմն իրեն թվում էր, որ զբաղվում է հոգեբուժությամբ՝ առանց արտոնագրի:

Մարի Յովանովիչը մեծ հիասթափությամբ է գրում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի տապալման մասին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ռիսկի էին գնացել` ներգրավվելով այդ գործընթացի մեջ: Վաշինգտոնը որոշակի երաշխիքներ էր տվել հայկական կողմին, բայց ամենավճռական պահին բավարար ջանքեր չի գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և արձանագրությունների վավերացմանը հասնելու համար: Դեսպան Յովանովիչը ամփոփում է, որ Միացյալ Նահանգների այդ անհետևողական պահվածքի պատճառով է Հայաստանը ապագայում ստիպված եղել սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մեկնաբանել