Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը:

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, մշտական շփման միջոցով, այդ թվում ՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Ինչպես արդեն ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել են և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի: Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ այնպիսի կարևրոր հարցերի շուրջ շփումներ հաստատելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»,- «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ դեսպանատնից։

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։ Հաջիևը Շուշի այցելության հրավերի մերժումը գնահատել էր որպես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում:

Մեկնաբանել