«Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքներին և վիրավորներին աջակցություն կտրամադրվի

Աջակցություն կտրամադրվի «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցում բուժում են ստացել։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը:

«Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաեւ նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։

Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 1-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Մեկնաբանել