Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու կապակցությամբ

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- գրված է ներակայացուցչության Թվիթերի էջում։

ԱՄՆ պետքարտուղարությունը օգոստոսի 25-ին հայտնել էր, որ Ֆիլիպ Ռիկերը նշանակվել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է։ Ռիկերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն էր արել՝ նշելով, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։ Հաջիևը Շուշի այցելության հրավերի մերժումը գնահատել էր որպես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել էր Հաջիևի հայտարարությանը։

Կարդացեք նաև՝ «Ինչու են սրվել Բաքվի հարաբերությունները Վաշինգտոնի և Փարիզի հետ»։