Բերձորից տեղահանվածների մեծ մասը տեղավորվել է Հայաստանում․ քաղաքապետ

Բերձորից տեղահանված բոլոր բնակիչներն արդեն տեղավորվել են, նրանց մեծամասնությունը տեղափոխվել է Հայաստան. ՍիվիլՆեթին տեղեկացրեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Բերձորի բնակիչների մեծամասնությունը քաղաքից դուրս էր եկել 44-օրյա պատերազմից հետո, բայց, համայնքապետի խոսքով՝ դեռ 170 մարդ բնակվում էր Բերձորում՝ մինչև Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկումը։

Ալեքսանյանը հայտնեց, որ 170 բնակիչներից 15-ը բնակություն է հաստատել Արցախում, մնացածը՝ Հայաստանում։

«Հայաստանում վարձով են առայժմ բնակվում, իսկ Արցախում դեռ հյուրանոցներում են: Արցախում տեղահանվածներին բնակարաններով են ապահովելու, մյուս ամսվա վերջ արդեն կլինի բնակարանները»,- նշեց նա։

Կառավարության որոշմամբ Արցախից տեղահանվածները պետական սուբսիդավորում են ստանում՝ Երևանում տուն գնելու դեպքում մինչև 8 մլն դրամի չափով, Հայաստանի մարզերում՝ մինչև 10 մլն դրամ, Արցախում՝ մինչև 12 մլն դրամ։

Մեկնաբանել