ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում խաղաղապահ զորախումբը․ ՌԴ ԱԳՆ

Mid mfa russia

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ։ Հայտարարություն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր նշվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը մեծապես սահմանել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի հասցնելու ճանապարհին։

Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք ընթանում համագործակցության լայն շրջանակով, բարձրացնում ենք փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ ներուժի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների շուրջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022-ի ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997-ի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումն է: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորախումբը:

Մենք անկեղծորեն գնահատում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ասված է հայտարարությունում։