Օգոստոսի 30-ից Արցախ-Հայաստան հաղորդակցությունն իրականացվելու է նոր երթուղով

Լուսանկարում՝ հատված Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհից, որը կառուցել է Ադրբեջանը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցեր։

«Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:

Նշվում է, որ նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը:

«Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։