Տեսչական ստուգումների «պայթյունավտանգ» թվաբանությունը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվեց 16 քաղաքացի, տասնյակ քաղաքացիներ տուժեցին, իսկ մեկ քաղաքացու մարմինը այդպես էլ չի հայտնաբերվել։ Պայթյունից անմիջապես հետո խոսվեց պատկան մարմինների կողմից հրդեհային անվտանգության նկատմամբ անբավարար հսկողության մասին։

Ի պատասխան՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային (ՔՏՀԱ) տեսչական մարմինը հայտարարեց, որ դեռ նախորդ տարի՝ 2021-ի մարտի 9-16-ը, «Սուրմալու»-ում ստուգումներ էր անցկացրել և հայտնաբերել հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների 16 խախտում, դրանք վերացնելու կարգադրագրեր տվել։

Անցկացված ստուգումներից շաբաթներ անց՝ 2021-ի ապրիլի 6-ին, առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում հրդեհ էր բռնկվել և տաղավարներ էին այրվել։

Սակայն ո՛չ հրդեհից, ո՛չ էլ նույնիսկ հայտնաբերված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, վերստուգումներ առևտրի կենտրոնում չեն իրականացվել։ Պատճառը, ըստ ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակի պարզաբանման, «ստուգումների գրաֆիկն էր ու ծանրաբեռնվածությունը»։

#CivilNetCheck-ը ներկայացնում է վերջին մեկուկես տարում տեսչական մարմնի իրականացրած հրդեհատեխնիկական ստուգումների մասին տվյալները։

Իրականացվել է 650 ստուգում. 80 տոկոս դեպքերում հայտնաբերվել են խախտումներ

Ըստ տեսչական մարմնի տրամադրած տվյալների՝ 2021-ի հունվարից մինչև 2022-ի հունիսը ներառյալ իրականացվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման 650 ստուգում, որից 521-ի ընթացքում (80%) հայտնաբերվել է ընդհանուր 3 493 խախտում, կազմվել են թերությունների վերացման կարգադրությունններ։

2021-ին կատարվել է 396 ստուգում, որից 302-ում հայտնաբերվել է 2 163 խախտում, 94 օբյեկտում որևէ խախտում չի հայտնաբերվել։

2022-ի առաջին կիսամյակի ընթացքում անցկացվել է 254 ստուգում, որից 219-ում հայտնաբերված 1 330 խախտումների վերացման կարգադրագրեր է տրվել, 35-ում խախտում չի հայտնաբերվել։

Loading...

Loading…

Միաժամանակ 2021-ին կատարվել է 249 վերստուգում, որից միայն 94 (38%) դեպքում են խախտումները վերացված եղել։ Արդեն այս տարվա՝ 2022-ի առաջին կիսամյակում անցկացվել է ընդամենը 66 վերստուգում, որից միայն 24-ում (36%) է խախտումների բացակայության տեղեկանք տրվել։

Փաստացի, յուրաքանչյուր 10 ստուգումից 8-ում հայտնաբերվում են հրդեհային և տեխնիկական անվտանգության խախտումներ, իսկ օբյեկտների վերստուգման արդյունքում 10-ից 6-ում նախկինում հայտնաբերած խախտումները վերացված չեն լինում։

Ստուգումների հաճախականությունը սահմանափակ է, տուգանքները՝ ցածր

Առաջին անգամ տնտեսվարողը հրդեհային անվտանգության պահանջները չպահպանելու համար կարող է տուգանվել 25-50 հազար դրամով, իսկ վերստուգման ժամանակ (որը որպես կանոն մեկ տարի անց է լինում) տեսչական մարմնի կողմից սահմանված ժամկետում հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում տուգանվում է 150 հազ դրամով։

ՔՏՀԱ տեսչական մարմնից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ տարեկան հաստատված պլանային ժամանակացույցով (գրաֆիկով) բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտներում նույն տարում չեն կարող մեկից ավելի ստուգումներ իրականացնել։ Միջին և ցածր վտանգավորություն ունեցող օբյեկտներում ստուգումները իրականացվում են համապատասխանաբար 3 և 5 տարին մեկ անգամ։

Միայն 3-րդ ստուգման արդյունքում կարող է կասեցվել օբյեկտի գործունեությունը, սակայն 2020-ից մինչ օրս ընդամենը 4 օբյեկտի գործունեության կասեցման որոշում է ընդունվել։ Բացի այդ, 2021-ին 17 կարգադրագրով արտադրական վտանգավոր առանձին օբյեկտի (սարքավորման, հոսքագծի և այլն) շահագործման ժամանակավոր արգելանք է դրվել, 2022-ին՝ 3։

2021-ին և 2022-ի առաջին կիսամյակում անցկացված 650 ստուգումներից միայն 71-ն (10%) է անցկացվել ոչ պլանային՝ տարբեր գերատեսչությունների և քաղաքացիների բողոքների հիման վրա։

Փաստացի, ներկայում անբարեխիղճ տնտեսվարողի համար հաճախ ավելի ձեռնտու է վճարել տուգանքը, քան վերացնել խախտումները և արդիականացնել հրդեհային անվտանգության համակարգերը։

Ստուգման ենթակա են ընդհանուր նշանակության և նավթամթերքի պահեստները, բազաները, արտադրական նշանակության օբյեկտները, բենզալցակայանները, գազալցավորման կայանները, առևտրի և հասարակական սննդի, գյուղատնտեսական, գիտական և ուսումնական գործունեությամբ զբաղվող օբյեկտները, հյուրանոցները, հիվանդանոցները և այլն։

Ստուգված օբյեկտներում առավել հաճախ hանդիպող խախտումը հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի իսպառ բացակայություն է՝ 316 դեպքում։ 274 դեպքում համակարգը տեղադրված եղել է, բայց հրդեհի ազդանշանը չի փոխանցվել Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), իսկ 192 դեպքում այն ուղղակի չի գործել։

Մյուս առավել հաճախակի հայտնաբերվող խախտումները համապատասխան հեռավորության վրա հիդրանտների և ջրավազանների (178 խախտում), ինչպես նաև կրակմարիչների (73 խախտում) բացակայությունն է։ Ընդհանուր ցանկը՝ այստեղ։

Մեկնաբանել