ԱՄՆ-ի հետ գործակցությունը խաղաղ է և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ․ ԱԽ

laboratory

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կենսաբանության ոլորտում Միացյալ Նահանգների հետ գործակցությունը «բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը:

Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ:

Այս համագործակցությունները մեր երկրներում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելմամբ, հայտնաբերմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը:

Որպես այս ծրագրի գործընկերներ, մեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն գիտակցում է համաշխարհային առողջապահական անվտանգության ամրապնդումը և մեր հասարակությունների վրա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելուն միտված համագործակցության ընդհանուր նպատակի կարևորությունը:

Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն, մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին` այդ թվում գալիք Վերանայման կոնֆերանսում (Review Conference)»,- նշված է հաղորդագրությունում։

***

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ (որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ) գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Մոսկվան այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին 2019-ի նոյեմբերին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են:

Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն:

Մեկնաբանել