Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքը չի «հանձնվում», ժամանակավոր երթուղու մասին հայտարարությունը մոլորեցնող է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին օրերին լրատվամիջոցները տարածում են «Ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին» ձևակերպումը։ Այսինքն այս ճանապարհն ու միջանցքը նույնպե՞ս նվիրվելու է Ադրբեջանին» վերտառությամբ հայտարարություն, որը ստորագրել են արցախցի քաղաքական և հանրային մի շարք գործիչներ։

Տարածվող հայտարարությունում ուշադրություն է դարձվում նրան, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի մամուլի խոսնակը «Sputnik Արմենիա» լրատվականին հայտնել է, որ Լաչինի միջանցքի նոր ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատ է։

Հայտարարությունում, որով Արցախի իշխանություններից այս հարցով պարզաբանում է պահանջվում, եզրահանգում է արվել, թե նոր երթուղին ժամանակավոր անվանելը կարող է նշանակել, թե այն «նույնպես նվիրվելու է Ադրբեջանին»։ Հայտարարությունը տարածել են aravot.am, hraparak.am, armlife.am լրատվական կայքերը, ինչպես նաև մի շարք սունկ կայքեր։

Ի՞նչ է նշանակում «ժամանակավոր երթուղի»

ՏԿԵ նախարարի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանի՝ ասֆալտապատված նոր երթուղու ժամակավոր լինելու մասին խոսքը տարընթերցման առիթ է դարձել, քանի որ «Sputnik Արմենիա»-ի հոդվածի օգոստոսի 29-ի սկզբնական տարբերակում հստակորեն նշված չի եղել, որ խոսքը միջանցքի նոր երթուղու՝ 4,7 կմ երկարությամբ ժամանակավոր հատվածի մասին է։

Հոդվածի օգոստոսի 30-ի տարբերակում ավելացվել է նոր երթուղու 4,7 կմ ժամանակավոր հատվածի մասին նշումը, ինչպես նաև այն, որ այդ հատվածը օգտագործվելու է մինչև հիմնական ճանապարհի կառուցումը։

Հիմնական երթուղին ամբողջապես շահագործման կհանձնվի, երբ հայկական կողմը ավարտի Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կառուցումը, որը միանում է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհին։ Այն սկիզբ է առնում Հագարի գետի վրա կառուցված կամուրջից։ Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ հայկական կողմի ճանապարհի հատվածի կառուցումը կավարտվի մինչև 2023-ի գարունը։

Կարելի է փաստել, որ մի շարք լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակի՝ «Sputnik Արմենիա»-ին տված մեկնաբանությունը խեղաթյուրվել է։

Մեկնաբանել