Միքայել Արզումանյանին բերման են ենթարկել. Արցախից հաստատում են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:

«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, որն ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Արզումանյանը ձերբակալվել է այսօր՝ Արցախից Երևան գալու ճանապարհին։ Ավելին՝ հաղորդվել է նաև մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ որոշ հրապարակումների՝ նա մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

ՀՀ քննչական կոմիտեից դեռևս ոչ հերքել են, ոչ էլ հաստատել տեղեկությունը՝ հայտնելով, որ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Մեկնաբանել