Զինծառայությունից ազատում՝ գումարի դիմաց․ միջազգային փորձը

Օֆելյա Սիմոնյան

Պաշտպանության նախարարությունը քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել։ ՊՆ-ն առաջարկում է 24 միլիոն դրամի դիմաց երկու տարվա փոխարեն ծառայությունը դարձնել 4,5 ամիս։ Ըստ կառույցի՝ այս կերպ հնարավոր կլինի ձևավորել արհեստավարժ բանակ, քանի որ գումարի այդ չափը հնարավորություն կտա բարձրացնելու պայմանագրայինների վարձատրությունը՝ հասցնելով ամսական 400 000 դրամի։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախագիծը՝ մշակվել է հաշվի առնելով մի շարք օտարերկրյա պետությունների փորձը։

Ընդդիմության և փորձագիտական դաշտի հիմնական մտավախություն այն է, որ այս փոփոխությունը կբերի սոցիալական անարդարության․ հարուստները գումարի դիմաց կազատվեն զինվորական ծառայությունից, իսկ բանակում կծառայեն միայն սոցիալապես անապահովները։ Առաջարկը նաև հակասահմանադրական է որակվել։

Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածը արգելում է խտրականությունը սոցիալական ծագումից, գույքային վիճակից կախված։ Ավելին, ՊՆ-ն դեռ 2019 թվականին բացասական եզրակացություն էր տվել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նմանօրինակ մի նախագծի։ Այդ ժամանակ առաջարկվում էր 10 մլն դրամ վճարել և բանակում ծառայել արագացված կարգով՝ ընդամենը 1 ամիս: Նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը ժամանակին այդ նախագիծը ևս սահմանադրությանը հակասող էր անվանել։ Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ շատ հստակ սահմանված է՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը. «Դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ՝ պարտավորություն»:

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է զինվորական ծառայության միջազգային փորձը՝ հասկանալու, թե որ երկրներում է գործում գումարի դիմաց ծառայությունը կրճատելու պրակտիկան։

Թուրքիա

Թուրքիայում բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար սահմանված է պարտադիր զինծառայության վեց ամիս, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս ժամկետ: ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ՝ թուրքական բանակում ժամանակ առ ժամանակ կիրառվում է գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու օրենքը, որը ուժի մեջ է մտել 2011 թվականին։

Կառավարությունը հայտարարում է պատուհանի բացման և փակման մասին։ Բանակից ազատվելու համար 2020-ին պահանջվում էր սահմանված ժամանակահատվածում վճարել 31 000 թուրքական լիրա (մոտ 4000$): Վերջերս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ծառայությունից խուսափած անձանց վճարովի զորակոչի վերաբերյալ նոր նախագիծ են ներկայացրել։ Եթե ​​խորհրդարանը կողմ քվեարկի, զինծառայությունից խուսափած հազարավոր մարդիկ կկարողանան գրանցվել վճարովի զորակոչին, որը պահանջում է մեկ ամսվա հիմնական ուսուցում և վճար (մոտ 3 200$ կամ 56 500 թուրքական լիրա)։ Սա հնարավորություն կտա վերջնականապես ազատվել բանակից։ Նման որոշումը բացատրվում է թուրքական իշխանության՝ պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու նպատակով։

Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS)՝ Թուրքիան 2020-ին ուներ զինված ուժերի 355 200 ակտիվ անձնակազմ։ 2022-ին, տարբեր աղբյուրներով, Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետային զինծառայողների թիվը՝ հասնելով 55%-ի: Եթե 2017-ին պրոֆեսիոնալները կազմում էին թուրքական բանակի անձնակազմի 38%-ը, ապա 2021-ին՝ 55%-ը։

Հյուսիսային Կիպրոս

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում նույնպես կա հնարավորություն գումարի դիմաց խուսափելու զինծառայությունից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այլ երկրների քաղաքացիներին, որոնք ստացել են Հս. Կիպրոսի քաղաքացիություն։ Վերջիններս պարտավորվում են վճարել 2 000 ֆունտ ստերլինգ (ավելի քան 2 300$)։ Նույնքան գումարով ծառայությունից կարող են ազատվել նաև 49 տարեկանից բարձր և ինչ-ինչ պատճառներով զինծառայություն չանցած քաղաքացիները։

Հունաստան

ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանում գումարի դիմաց զինվորական ծառայություն չանցնելու իրավունք ունեն էմիգրանտները կամ Հունաստանի այն քաղաքացիները, որոնք 35 անց են և տարբեր պատճառներով ծառայությունը հետաձգել են։ Նրանք պարտավորվում են առնվազն 20 օր ծառայել, իսկ ծառայության մնացած հատվածի համար ամսական վճարել 810 եվրո։

Վրաստան

Հարևան Վրաստանում ևս ձգտում էին պրոֆեսիոնալ բանակ ունենալ։ Խոշորագույն քայլերից մեկն այս ուղղությամբ կատարվեց 2016-ին, երբ պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրեց պարտադիր ժամկետային զինծառայությունից հրաժարվելու մասին հրամանը: Նույն տարում այս որոշումը փոխելու պաշտոնական առաջարկներ եղան։ ՊՆ նորանշանակ նախարար Լևան Իզորիան հայտարարեց, որ իրենք մտադիր են վերականգնել Վրաստանի ԶՈւ պարտադիր զինծառայության զորակոչ և նոր հրաման ընդունեց։ Ծառայությունն այժմ տևում է 12 ամիս։

Վրաստանում չկա գումարի դիմաց բանակից ազատվելու կամ ծառայության ժամանակը կրճատելու օրենք, սակայն օրինական ճանապարհով հնարավոր է տարկետում ստանալ՝ 2 հազար լարիի դիմաց։ Վճարի դիմաց տարկետումից նույն անձը կարող է օգտվել ոչ ավել, քան երկու անգամ։ Տարիքային շեմը չպետք է գերազանցի 25-ը։ Տարկետման վճարի 90 տոկոսը փոխանցվում է պետական, իսկ 10 տոկոսը՝ համայնքի բյուջե։

Վրացական բանակից կարող են ազատվել, եթե ծառայել են այլ պետության զինված ուժերում, դատվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, անցել են ոչ զինվորական, այլընտրանքային, աշխատանքային ծառայություն, ասպիրանտ են, գիտական ​​կոչում ունեն և զբաղվում են մանկավարժական կամ գիտական ​​աշխատանքով, ընտանիքի միակ որդին են, որի առնվազն մեկ անդամը զոհվել է ծառայության ընթացքում։ Վրաստանի նախագահն իրավունք ունի ծառայությունից ազատել հատկապես շնորհալի զորակոչիկներին։

Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան

Կենտրոնական Ասիայի այս երկրներում ևս հնարավոր է գումարի դիմաց ազատվել բանակում ծառայելու պարտավորությունից։ Ի տարբերություն Տաջիկստանի՝ Ուզբեկստանում օրենքը ավելի վաղ է ընդունվել։ Այստեղ ծառայությունը տևում է մեկ տարի (բուհերի շրջանավարտների համար՝ 9 ամիս)։ Համապատասխան գումարը (2021-ին կազմել է 650$) վճարելով Ֆինանսների նախարարություն՝ հնարավոր է չանցնել պարտադիր զինծառայությունը, սակայն գրանցված մնալ պահեստազորում։ Զորակոչիկների համար նմանատիպ կանոն գործում է նաև Ղրղզստանում։

Եվրոպա

Եվրոպական մի շարք երկրներ առհասարակ հրաժարվել են պարտադիր զորակոչից։ Գերմանիայում, օրինակ, ծառայությունը պարտադիր չէ 2011-ից։ Այն կարող է վերականգնվել երկրի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Լատվիայում պարտադիրր զորակոչը չեղարկվել է 2007-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ։ Այդ օրերից այստեղ ձևավորվել է պրոֆեսիոնալ բանակ՝ կազմված միայն պայմանագրայիններից։ Չեխիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և շատ այլ եվրոպական երկրներում պարտադիր զինվորական ծառայություն չկա։ Չնայած գործող օրենքին՝ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները պարտադիր ծառայությունը վերականգնելու վերաբերյալ։ Հարցը օրակարգ եկավ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Նույն Լատվիայում 2027-ից 18-27 տարեկանների համար ծառայությունը կդառնա պարտադիր։ Գերմանիայում ևս այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ կան։

Մեկնաբանել