Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության ընթացքում ցուցաբերած անփութության համար

mikayel_arzumanyan

Քննչական կոմիտեն հաստատում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման տեղեկությունը։ Կոմիտեից նշում են, որ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորելու համար։

«Պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, 44-օրյա պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020-ի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեղադրանքում նշվում է, որ Միքայել Արզումանյանը չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։

«Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը»,- նշում են ՔԿ-ից։

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ մինչև 2020-ի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանն իր ստորագրած օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն դեպքում, որ 2020-ի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։

«Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի–Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի–Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շուշիի պաշտպանողական օպերացիայում նաև չեն կիրառվել դեռևս 2020-ի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։