Մոսկվայում կայացել է սահմանազատման հարցով երկրորդ հանդիպումը

Օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Մուստաֆաևի ու Գրիգորյանի հետ և ողջունել է հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։

«Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին:

***

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել էին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հանդիպմանը նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել սահմանին առաջին հանդիպումն անցկացնելու շուրջ։

Մեկնաբանել