Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայց է ներկայացրել դատարան՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից 19,1 միլիարդ դրամ բռնագանձելու պահանջով։ Հայցն արդեն ընդունվել է վարույթ։ Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանում Խաչատրյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող 2 առանձնատներ, բնակարան, հասարակական շինություն, Գորիս քաղաքում հասարակական շինություն, 3 ավտոմեքենաներ կամ դրանց միջինացված շուկայական արժեքը՝ 1,5 միլիարդ դրամ, ինչպես նաև 3 ընկերություններում ունեցած բաժնեմասերը։
Դատախազությունն ապօրինի է համարել նաև 614,5 միլիոն դրամի հասնող դրամական միջոցները և 2,4 միլիարդ դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև մոտ 4.5 միլիարդ դրամի փոխառությունների պարտքերի պահանջի իրավունքը։ Ուշագրավ է, որ այս ամենից զատ, դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 10,1 միլիարդ դրամ, որը որպես ներդրման գումար փոխանցվել է օֆշորային ընկերությանը։