Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահն ու ադրբեջանական բացասական արձագանքների պատճառը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 25-ին թվիթերյան իր էջում հայտնել է, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականի և Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:

Ֆիլիպ Ռիքերը 2019-2021 թվականներին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը: Այսինքն, մեր տարածաշրջանով զբաղվող գլխավոր դիվանագետներից է եղել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունում:

Հատկանշական է նաև, որ Ռիքերը Մինսկի խմբի առաջին ամերիկացի համանախագահն է, որը ներկայացնելու է Միացյալ Նահանգները նաև Վրաստանի հակամարտությունների շուրջ Ժնևի միջազգային քննարկումներում: Այս հանգամանքը Ռիքերին դարձնելու է Հարավային Կովկասով զբաղվող գլխավոր ամերիկյան դիվանագետներից մեկը:

Հետաքրքրական է, որ Ֆիլիպ Ռիքերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո արդեն իսկ որոշակի միջնորդական դերակատարություն ունեցել է հայ-ադրբեջանական համատեքստում: 2021 թվականի հունիսի 12-ին Ռիքերի միջնորդությամբ տեղի էր ունեցել 15 հայ գերու փոխանակում Աղդամի շրջանի ականապատման քարտեզների դիմաց:

Ֆիլիպ Ռիքերի նշանակումը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում արժանացավ ջղագրգիռ արձագանքի Բաքվի կողմից: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան թվիթերյան իր էջում գրառում է արել՝ քննադատելով Ռիքերի նշանակումը: Աբդուլաևան, մասնավորապես, նշել է, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման: Նա հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է:

Միացյալ Նահանգների ու Մինսկի խմբի սուր քննադատությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը: Օգոստոսի 27-ին, ելույթ ունենալով Շուշի քաղաքում կազմակերպված հերթական համաժողովում, Հաջիևը նշել է, որ 30 տարվա անգործությունից հետո ինչ-որ մեկին Մինսկի խմբի համանախագահ նշանակելը ամոթալի քայլ է: Նա հավելել է. «Բայց կա երկու երկիր, որոնք չեն մասնակցում այս միջոցառմանը, դրանք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Նրանց բացակայության պատճառը հասկանալ չենք կարող… Հետագայում նրանց այլևս չենք հրավիրի… Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման և վերակենդանացման մասին հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են իրականացրել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը ադրբեջանական կողմի այսօրինակ էմոցիոնալ արձագանքի պատճառները պարզ են: Վաշինգտոնը, այս տրամաչափի դիվանագետ նշանակելով համանախագահի պաշտոնում, հստակ ուղերձ է ուղարկում Մինսկի խմբի նկատմամբ սեփական մոտեցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբում ամերիկացի նախորդ համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը նշանակվել էր Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, չուներ նույնիսկ դեսպանի աստիճան: Սա Ղարաբաղյան հակամարտությամբ Միացյալ Նահանգների հետաքրքրվածության աստիճանի կարևոր ցուցիչ էր:

Ֆիլիպ Ռիքերը առնվազն վերջին 15 տարվա ընթացքում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցրած ամենաբարձրաստիճան ու ամենածանրակշիռ դիվանագետն է: Այս նշանակմամբ Վաշինգտոնը վստահաբար ցույց է տալիս, որ պատրաստ է ավելի լուրջ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական համատեքստում: Ռիքերի նշանակումը լուրջ հարված է նաև Ադրբեջանի հետպատերազմյան այն պատումին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է և Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ որևէ բանակցություններ չեն կարող լինել: Եվ հենց սա է Բաքվի մտահոգության հիմնական պատճառը:

Մեկնաբանել