Բերձորի և Աղավնոյի տների հրկիզման դեպքերով քրեական գործեր չեն հարուցվի․ Արցախ ՆԳՆ

Բերձոր և Աղավնո համայնքներում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերով քրեական գործերի հարուցումը մերժվել է, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Իրենց տները հրկիզած բնակիչների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսին Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Արցախի դատախազությունը պարզաբանել էր, որ Արցախի տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում։

Մեկնաբանել