ՏԻՄ ընտրություններ. նախկին ՀՀԿ-ականները ՔՊ-ի նոր դեմքով

Աննա Հակոբյան Քաջարան վարդեր Փարամազյան Քաջարանի համայնքապետ Մանվել Փարազամյանը դիմավորում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, հուլիսի 7, 2022 (աղբյուրը՝ annahakobyan.am)

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Հայաստանի ութ մարզերի 17 համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրություններ են կայանալու։ Մեկ համայնքում էլ տեղի են ունենալու համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։

Դրանց ընդհանուր առմամբ մասնակցում է 24 կուսակցություն և դաշինք։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը մասնակցում է 18 ընտրություններից 17-ին։ Բացառություն է միայն Ճամբարակը։ Իսկ Կոտայքի Ջրվեժ համայնքում ՔՊ-ն մրցակից չունի։

«Նախկինները»՝ ՔՊ-ական

Մի շարք համայնքներում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում են տարիներ, իսկ որոշ դեպքերում տասնամյակներ համայնքապետի պաշտոնը զբաղեցրած անձինք։ Նրացից շատերը նախորդ ընտրություններում ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։

Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում ՔՊ ցուցակի առաջին համարը Նորաին Հակոբյանն է, որն արդեն 20 տարի զբաղեցնում է Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնը։ 2012-ի համայնքի ղեկավարի ընտրությունում նա եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2017-ին՝ անկուսակցական։ Արենիում ՔՊ-ի առաջին համարը գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ Ավելի վաղ՝ 1996-2005 և 2007-2017 թթ. նա եղել է Ռինդի համայնքապետ։ Ռինդն այժմ Արենի խոշորացված համայնքի մաս է կազմում։

Լոռու մարզի Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում ՔՊ ցուցակը գլխավորում են գործող համայնքապետերը, որոնք նախկինում ներկայացրել են ՀՀԿ-ն։ Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը 2017-ին ընտրվել է որպես ՀՀԿ-ական։ Դրանից առաջ նա ավելի քան 20 տարի ղեկավարել է Կողես համայնքը։ Նա Կողեսի գյուղապետ 2012-ին և 2016-ին ընտրվել է ՀՀԿ անդամի կարգավիճակով։ Գյուլագարակում ՔՊ թեկնածու, ներկայիս համայնքապետ Խաչիկ Վարդանյանը այդ պաշտոնում նշանականվել է 2021-ի հուլիսին, այն բանից հետո, երբ 2017-ին համայանքապետ ընտրված Մհեր Գևորգյանը վաղաժամկետ դադարացրել էր լիազորությունները։ Վարդանյանը 2017-ի ընտրություններին մասնակցել է որպես ՀՀԿ-ական։ Իսկ 2016-ին նա Գյուլագարակի համայնքապետ էր ընտրվել որպես «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցության անդամ։

Վայոց ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն Արթուր Ստեփանյանն է, որը 2017-ին ընտրվել էր որպես ՀՀԿ-ական, սակայն ՀՀԿ-ն սատարում էր նրա մրցակցին։ Դրանից առաջ՝ 2008-ից սկսած, նա եղել է Քարագլուխ գյուղի ղեկավար։ 2016-ին ընտրվել է որպես անկուսակացական, սակայն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից։

Ջրվեժում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորում է 1991-ից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Պետրոսյանը, որը 2012-ի և 2017-ի ընտրություններին որպես կուսակցական պատկանելություն նշել էր «Բարգավաճ Հայաստան»-ը։

Կոտայքի մեկ այլ համայնքում՝ Ակունքում, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հունան Ռուբենյանը, որը 1996-ից է գլխավորում համայնքը։ 2012 և 2017 թվականների համայնքապետի ընտրություններում նա ևս եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Հատկանշական է, որ Ռուբենյանի ղեկավարած համայնքի խոշոր գնումների մասին 2018-ի հունիսին ահազանգում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը։ Վերջին շրջանում Ակունք համայնքը հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ Հատիս լեռը, որի վրա Գագիկ Ծառուկյանը ցանկանում է Հիսուս Քրիստոսի արձան կառուցել, գտնվում է համայնքի տարածքում։ Հուլիսին Հունանյանը Ծառուկյանի հիմնադրամին դեպի Հատիս լեռան գագաթ ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։

Արագածոտնի Ալագյազ համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի և ավագանու անդամների երկու ընտրություն՝ մեկ համամասնական ընտրության փոխարեն։ Այնտեղ ՔՊ թեկնածուն «Հայփոստ»-ի ավագ օպերատոր Անզոր Ուռուսյանն է։ Նրա նախընտրական շտաբը ղեկավարում է ՀՀԿ-ական Հրաչյա Նազարեթյանը։

Խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը՝ մասնատված և պասիվ

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում։

Փոխարենը, չորս համայնքներում ընտրություններին մասնակցում է «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը։ Հետաքրքրական է, որ ՀՅԴ-ն մասնակցում է ամենաակտիվ և հավանաբար ամենամրցակցային ընտրություններին՝ Ալավերդիում, Բյուրեղավանում, Թալինում և Սիսիանում, որոնցից առաջին երկուսում գրանցվել է չորսական, իսկ մյուսներում հինգ և յոթ կուսակցություն ու դաշինք։

Սիսիանում ընտրություններին մասնակցում է նաև «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ղեկավարած «Մեկ Հայաստան» կուսակցությունը։ Ղազինյանը մանդատը վայր է դրել հուլիսի սկզբին։

Քաջարանի «կոտրված» նախկին ընդդիմադիր համայնքապետը

Քաջարանում նախորդ տարվա ԱԺ ընտրություններում հաղթել էր «Հայաստան» դաշինքը՝ ստանալով քվեների շուրջ 52 տոկոսը: Նախկինում ընդդիմադիր ուժին հարող գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն այլևս ընդդիմության հետ չէ։

Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դեպի միասնություն» դաշինքով, որը կազմվել է Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրած հուշագրով։

Մինչև հունիս Փարամազյանը եղել է «Հայաստան» դաշինքի մաս կազմող, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ։ Հուլիսի սկզբին Քաջարան այցելության ժամանակ Փարամազյանը ծաղիկներով դիմավորել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անվանել էր «խիստ անընդունելի»։

Փարամազյանը, որը 2016-ից ղեկավարում է Քաջարան համայնքը, 2021-ի հուլիսին խուզարկության էր ենթարկվել ԱԱԾ-ի կողմից, ձերբակալվել և հետո կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել դեկտեմբերին, հետո կրկին կալանավորվել այս տարվա փետրվարին և ազատ արձակվել մայիսին։ Մեկնաբանելով կատարվածը՝ նրա նախկին թիմակից Վահե Հակոբյանը նշել էր. «Թող ոչ ոք գլուխ չգովի, որ կգնա կալանավայր ու իրեն այնտեղ չեն կոտրի»:

Փարամազյանը մեղադրվում է խարդախության օժանդակելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է ուժերը

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են արտախորհրդարանական մի քանի ուժեր, որոնք բարեհաճ են տրամադրված Փաշինյանի իշխանության հանդեպ։ Դրանց թվում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան», Սամվել Բաբայանի «Ազատական» և Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։

«Հանրապետություն»-ը մասնակցում է Արենիի, Լոռի Բերդի, Քաջարանի և Ծաղկահովիտի ընտրություններին։ «Արդար Հայաստանը» թեկնածուներ է առաջադրել Բյուրեղավանում և Թալինում, «Ազատական» կուսակցույթունը՝ Եղեգիսում, իսկ «Հանուն Հանրապետության»-ը՝ Սիսիանում։

Ճամբարակում ՔՊ-ն բացակայում է

Միակ վայրը, որտեղ ՔՊ-ն չի մասնակցում ընտրություններին, Գեղարքունիքի Ճամբարակ համայնքն է։ Այնտեղ մասնակցող միակ կուսակցությունը գործող համայնքապետ Վազգեն Ադամյանի գլխավորած «Դեմոկրատական այլընտրանք»-ն է։ Կուսակցության քաղխորհրդի նախագահը Սուրեն Սուրենյանցն է, որը նախկինում եղել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ։
Ադամյանը 2008-ին ընտրվել էր Ճամբարակի ավագանու անդամ, իսկ 2017-ի ընտրություններին ինքնաառաջադրվելով որպես անկուսակցական՝ ձայների գերակշիռ առավելությամբ հաղթել էր 2005-ից Ճամբարակի համայնքապետ աշխատած ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանին։ 2017-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ադամյանին մեղավոր էր ճանաչել 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիությունը խախտելու հոդվածով և տուգանել 500 000 դրամով։ Ըստ մամուլի՝ այդ ընտրություններում Ադամյանն «իր ողջ թիմով պայքարում էր ՀՀԿ-ի հաղթանակի համար»։

Մեկնաբանել