Հարավային Կովկասում Եվրամիության ակտիվությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ դա ոչ մի կապ չունի․ այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով հնարավոր աշխատանքային խմբի ստեղծման մասին։
«Ես կասեի՝ դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա։ Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքներ։ Իսկ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես միջնորդ, չլինելով միջնորդներ, պարզապես ոչինչ առաջարկել չեն կարող, այլ ցանկանում են ինչ-որ կերպ ցույց տալ իրենց որոշակի ներգրավվածությունը: Այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն կորցրել է դիվանագիտության հմտությունները»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարբեր ձևաչափերով իրականացվող աշխատանքներն ընթանում են հետևողականորեն և առարկայական բնույթ են կրում։ Նա հիշեցրել է, որ երեկ՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում տեղի է ունեցել սահմանազատման հարցով հանդիպում՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ։
Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ ԵԱՏՄ երկրներին իր տրանսպորտային-լոգիստիկ ներուժը տրամադրելու հայտարարությանը․ «ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով, անշուշտ, զգալի ազդեցություն կունենար ամբողջ տարածաշրջանի համար։ Մեր կողմից դրական ենք գնահատում Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը միջկառավարական խորհրդի անցած նիստին։ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը շատ մեծ է։ Մենք նման համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում։ Կարծում ենք, որ դա նույնպես օգտակար կլինի ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացին։ Վստահ ենք, որ տրանսպորտի ոլորտում փոխգործակցության խորացումը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր պետությունների միջև և հիմք կհանդիսանա համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը։