Միքայել Արզումանյանի փաստաբանը ահազանգում է ապօրինությունների մասին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ ապօրինություններ են թույլ տվել իրավապահները, ահազանգում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ գործում առկա է Միքայել Արզումանյանին օգոստոսի 25-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, «սակայն այն Արզումանյանին չի հանձնվել»։

«Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ»,- հայտնում է փաստաբանը։

Հաղորդվում է, որ Արզումանյանին օգոստոսի 30-ին բերման են ենթարկել հատուկ ջոկատայինների օժանդակությամբ. «Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցրել և հարկադրաբար քննիչի մոտ են ներկայացրել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ»,- նշում է պաշտպանը։

Ըստ նրա՝ դրանից հետո պարզվել է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին մեղադրանք են առաջադրելու։ Այնուհետև նրան ձերբակալում են ու տեղափոխում դատարան, որպեսզի կալանավորման միջնորդույթուն ներկայացնեն։ Կալանավորման միջնորդության քննությունը սկսվում է օգոստոսի 31-ին՝ 12։10-ի սահմաններում։

Քննության մեկնարկից առաջ, փաստաբանի պնդմամբ, Արզումանյանը որոշ ժամանակ ապօրինի զրկվել էր ազատությունից, քանի որ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը։

«Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի»,- նշում է պաշտպանը։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ ի վերջո դատավորը որոշել է մինչև ժամը 19։00-ն ժամանակ տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա նյութերին։

«Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»,- եզրահանգում է փաստաբանը։

Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորելու համար։

Մեկնաբանել