Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են հանդիպել նոյեմբերին

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Շառլ Միշելի կազմակերպմամբ՝ սա Փաշինյան-Ալիև չորրորդ հանդիպումն էր։

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին»,- նշված է հաղորդագրությունում:

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Շառլ Միշելի գրասենյակը։

Մեր քննարկումներն ուղղված էին Հարավային Կովկասի վերջին զարգացումներին և ԵՄ-ի և երկու երկրների հարաբերություններին։

«Մեր փոխանակումները բաց և արդյունավետ էին, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք քննարկեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը։ Դրական է արձանագրել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ մղելու համար բավականաչափ քայլեր են արվել»,- նշվում է Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունուն, որն այնուհետ շարունակվում է ըստ քննարկված հարցերի ենթագլուխներով։

Խաղաղության պայմանագիր

Այսօր մենք համաձայնեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա։

Մարդասիրական հարցեր

Մանրամասն քննարկեցինք նաև մարդասիրական, այդ թվում՝ ականազերծման, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրի շուրջ։

Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է կալանքի մեջ պահվող հայերի ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։

Սահմանային խնդիրներ

Մենք վերանայել ենք առաջընթացը սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի շուրջ և այն, թե ինչպես լավագույնս ապահովել իրավիճակի կայունությունը:

Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։

Հաղորդակցություն

Մենք դիտարկեցինք տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների առաջընթացը:

Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության:

Հրապարակային հայտարարություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից:

ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։

Մեկնաբանել