Ավիատոմսերն ու հյուրանոցները թանկ են, տուր-ծառայությունների որակը` կասկածելի

«Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց»-ի տաղավարում Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը նշեց, որ օտարերկրացիներին և սփյուռքահայերին Հայաստանը գրավում է իր պատմամշակութային կոթողներով, բնությամբ ու մարդկային ջերմությամբ: Էկոտուրիզմը, արկածային տուրիզմը վերջին տարիներին զարգանում են, սակայն դեռ հաստատման համար մեծ ճանապարհ պիտի անցնեն: Տուրիզմի զարգացման հիմնական խնդիրն են մնում բարձր գները:

«Հայաստան գալն արդեն իսկ թանկ է, սկսած ավիատոմսերից մինչև հյուրանոցներ: Հուլիս-օգոստոս ամիսներին միջին տոմսի արժեքը 600-800 եվրո է, դա համարվում է սեզոնային գին, հետո իջնում է, քանի որ ձմեռային տուրիզմ գրեթե չունենք: Համեմատենք հարևանների հետ. Փարիզ գնալն այս պահի դրությամբ Հայաստանից կարժենա 700-750 եվրո, իսկ Վրաստանից տուրիստները կարող են գնալ 400-450 եվրոյով: Սա, թերևս, կախված է օդակայանի հարկերից, որն արհեստականորեն բարձրացնում է ավիատոմսերի գինը»,- ասաց Ադամյանը:

Թանկ է նաև Հայաստանում մնալը: «Առանց ավիատոմսի արժեքի` մեկ շաբաթվա հանգստի արժեքը Հայաստանում մեկ տուրիստի համար միջինը սկսվում է 400-450 եվրոյից, իսկ ավիատոմսերով` միջինը շուրջ 1200-1500 եվրոյից: Որպես համեմատություն` 1500 եվրոյով Իսպանիայում կարելի է գնել մեկ շաբաթվա տուր»,- նշեց Ադամյանը:

Հայաստանում թանկ և քիչ են հյուրանոցները: «Հայաստանում մենք ունենք շուրջ 1500 տեղ, որից 3000 գիշերակացը`Երևանում` այդ թվով մահճակալներ: Խնդիրն այն է, որ կան շատ պետական միջոցառումներ, որ անցկացվում են միաժամանակ, և շատ մարդիկ, կազմակերպություններ, ուղղակի չեն կարողանում Հայաստանում հյուրանոցի դատարկ սենյակ գտնել և այդ միջոցառումների համար վերցված իրենց արձակուրդը անցկացնելու համար այլևս չեն գալիս Հայաստան»,- նշեց Ադամյանը` խորհուրդ տալով պետական մարմիններին միմյանց հետ համաձայնեցնելով որոշ միջոցառումներ կազմակերպել աշնան-ձմեռվա շրջաններում, «երբ բոլոր հյուրանոցները գրեթե դատարկ են»:

Չնայած բարձր գներին` տուր-օպերատորների որակն էլ առայժմ անվերահսկելի է. լավ օպերատոր գտնելու միակ հնարավոր տարբերակն, ըստ մասնագետի, առայժմ ծանոթներին հարցուփորձ անելն է: «Հարցը գուցե լուծվի, եթե տուր-օպերատորները լիցենզավորվեն: Առայժմ միայն բարեկամներից հարցուփորձ անելով է հնարավոր հասկանալ, թե որ օպերատորն է ավելի լավ ծառայություններ մատուցում, ավելի բարեխիղճ, ավելի մատչելի»,- ասաց նա:

Մեկնաբանել