Կառավարությունն ութ կոնսոլիդացված բուհեր կկառուցի Աշտարակում

Կառավարությունը 2 միլիարդ 232 միլիոն դրամ է ուղղելու կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումն ու դրանց գույքային հագեցվածությունն ապահովելու համար։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի օրակարգում։

Նշված հատկացմամբ նախատեսվում է մանկապարտեզներ կառուցել Արմավիրի մարզի Գետաշեն, Լենուղի համայնքներում, իսկ Ռյա Թազա համայնքի դպրոցում տեղադրվելու է ջեռուցման համակարգ։ Բացի այդ, արդիականացվելու է Հայաստանի ազգային գրադարանի ջեռուցման համակարգը, 713 միլիոն դրամ էլ ուղղվելու է հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորոգմանը։

Նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևանի Թեքեյանի անվան հիմնական դպրոցում, թիվ 37 հիմնական դպրոցում, թիվ 136 հիմնական դպրոցում, Սարդարապատի միջնակարգ դպրոցում, Փշատավանի ու Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցներում։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց գիտելիքի օրվա կապակցությամբ, ապա շեշտեց՝ բուհերում ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա բարեփոխումների իրականացման համար։

Փաշինյանն ասաց, որ բուհերի 60 տոկոս տեղերը թափուր են եղել։ «Մեր բուհերը թե ֆիզիկական ենթակառուցվածքի, թե կրթական մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, բուհերում կամ չկան ստանդարտներ, կամ չեն գործում։ Բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ հաճախ ոչ մրցունակ են աշխատաշուկայում»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման, որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման միջոցով ու նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։

«Դրանք կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին»,- վստահեցրեց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ կառավարությունը կողմնորոշվել է՝ ակադեմիական քաղաքը կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակում ու նորացվող բուհերը կտեղափոխվեն այնտեղ։ Գործադիրի ղեկավարը նկատեց՝ եթե նման որոշումներ չկայացվեն, պետությունը կկանգնի աղետի առաջ։

Փաշինյանը հիշեցրեց, որ նախընտրական ծրագրով մինչև 2026-ը իրենք պետք է կառուցեն 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։

Մեկնաբանել